ԿՐԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանը կանգնած է կրթական ճգնաժամի առջև, ինչի մասին է վկայակոչվում նաև նոր մշակված «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում (այսուհետև՝ Ծրագիր)։ Ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ)՝ գործող ուսուցիչների գրեթե 50%-ը հաջորդ տասնամյակի ընթացքում թոշակի կանցնի, իսկ յուրաքանչյուր տասն ուսուցչից ինը գտնվում են 30-ից բարձր տարիքային խմբում (Ծրագիր, կետ՝ 43): Արդեն այսօր, տարեց տարի կրթական համակարգը բախվում է մոտ 600-700 ուսուցչի պակասի հետ հետ, և այս թիվը մեծանալու միտում ունի՝ պայմանավորված մասնագետների՝ զանգվածային կերպով կենսաթոշակի անցման հեռանկարով (Ծրագիր, կետ՝ 43): Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում մեր գործընկեր դպրոցներից մեկում անգլերենի ուսուցչի թափուր հաստիքը տասը տարի շարունակ չէր համալրվել։ Լոռու մարզի Ծաղկաշատ և Սյունիքի մարզի Շվանիձորի համայնքների դպրոցների աշակերտները երկու տարի հնարավորության չունեին ուսումնասիրելու համապատասխանաբար մաթեմատիկա և կենսաբանություն առարկաները, մինչև մեզ հաջողվեց համալրել այդ թափուր հաստիքները։
Թերևս ուշադրության է արժանի Հայաստանում բուհն ավարտող ուսանողների թվի կտրուկ անկումը։ 2008թ. մենք ունեինք մոտ 26,000 շրջանավարտ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ անցյալ տարվա դրությամբ այդ ցուցանիշը նվազել է 40%-ով։ Այդ շրջանավարտների շրջանում տասից ընդամենը մեկն ունի ԲՏՃՄ (բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների դասավանդման որակավորում: Անցյալ տարի ողջ հանրապետությունում փաստացի եղել է բարձրագույն կրթական համակարգում քիմիա մասնագիտությամբ սովորող ընդամենը 27 ուսանող (ՀՀ վիճակագրական կոմիտե, 2021թ.): Ավելին, ԲՏՃՄ որակավորում ունեցողներից շատ քչերն են որոշում դասավանդել հանրակրթական դպրոցներում: Ըստ այդմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգում սպասվում է ուսուցիչների քանակի զանգվածային նվազում, որակավորում ունեցողների թիվը հազիվ թե բավականացնի համակարգի կայունությունը պահպանելու համար՝ հատկապես ԲՏՃՄ առարկաների գծով:
Բուհերի շրջանավարտների ցածր ցուցանիշների վրա ուղղակի ազդեցություն ունի այն հանգամանքը, որ Հայաստանում աշակերտների միայն մի մասն է իր ուսումը շարունակում ավագ դպրոցում (Ծրագիր, կետ՝ 6): Այս միտումը, հավանաբար, պայմանավորված է հիմնական առարկաների իմացության ցածր մակարդակով: Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ տարրական դպրոցի ավարտին սովորողների շուրջ 35 %-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ (Ծրագիր, կետ՝ 21): 2019թ․ Հայաստանը մասնակցել է «Մաթեմատիկակական և գիտական բնագավառներում միջազգային հետազոտական միտումների» (TIMSS) միջազգային մակարդակի գնահատմանը։ Թեև Հայաստանը վերջին տվյալներով գրանցել է 2003 թվականից ի վեր ամենաբարձր արդյունքը, երկիրը դեռևս մնում է գնահատման սանդղակի միջինից ցածր մակարդակում (Mullis և այլք, 2020թ․, էջ. 9): Տարածաշրջանային մակարդակում Հայաստանը մաթեմատիկայի բնագավառում չորս աստիճանով առաջ է գտնվում Վրաստանից՝ միաժամանակ զգալիորեն զիջելով Թուրքիային և Ադրբեջանին (Mullis և այլք, 2020թ․, էջ. 10):
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ապագան կախված է առաջնորդների և նորարարության ջատագովների նոր սերունդ դաստիարակելու մեր կարողությունից։ Ինչպես նշված է Ծրագրում. «Հարափոփոխ աշխարհում գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական և մշակութային կայուն առաջընթացի գրավական» (Ծրագիր, ներածություն): «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ավելի քան համաձայն է այս պնդման հետ:
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐԸ
2019թ․ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Երևանում հյուրընկալեց «Teach For All» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը։ Դա COVID-19 համավարակից առաջ կազմակերպության միջազգային ցանցի վերջին հավաքն էր` ավանդական ձևաչափով: Համաժողովի շրջանակներում ավելի քան 500 կրթության ոլորտի մասնագետներ և առաջնորդներ աշխարհի տարբեր ծայրերից հավաքվեցին Հայաստանում՝ տալու հետևյալ հարցի պատասխանը. ինչպե՞ս նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի համատեքստում:
Այդ ժամանակից ի վեր՝ մեր կյանքում ճգնաժամերը հաջորդեցին մեկը մյուսին։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գնահատմամբ՝ համավարակի ընթացքում մեր երկրում ամեն չորրորդ աշակերտը զրկված էր կրթության լիարժեք հնարավորությունից դպրոցների փակման և համացանցային հասանելիության բացակայության պատճառով։ 2020թ. պատերազմով պայմանավորված Արցախից տեղահանվել էր մոտ 24,000 աշակերտ (MoESCS, 2020)։ Այս ամենից զատ՝ աշխարհում գնալով ավելի նկատելի են դառնում կլիմայական փոփոխությունները։ Միայն անցյալ տարվա ընթացքում Հունաստանը մեծ վնասներ կրեց հսկայական անտառային հրդեհներից (Mier & Becatoros, 2021) և աննախադեպ ձմեռային փոթորիկներից (Samenow & Patel, 2022): Մյուս կողմից, աշխարհում գրանցվում են գնաճի ռեկորդային ցուցանիշներ, որոնք պայմանավորված են համաշխարհային մատակարարման շղթաներում համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումներով (Dodd, 2022): Վերոնշյալն ավելի է սրում կրթության բնագավառում փոփոխությունների անհրաժեշտությունը:
2019թ. վերոնշյալ միջազգային համաժողովից հետո «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձեռնարկեց մի գործընթաց, որում ներգրավեց 285 շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ աշակերտների և ծնողների, և ստեղծեց կազմակերպության գաղափարախոսությունը՝ «Քոչարի»-ն. բացի ազգային պար լինելուց, «Քոչարի»-ն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համար մեկ այլ մեծ խորհուրդ ունի. այն միասնականությանը միտված հայեցակարգերի ամբողջություն է, որի օգնությամբ մենք ներդաշնակում ենք Հայաստանում և Արցախում կրթական հնարավորությունների անհավասարության հաղթահարման մեր շարժումը: «Քոչարի»-ի հիմքում աշակերտական առաջնորդության գաղափարն է, որն ամրագրված է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «2050թ. խոստման» մեջ։ Վերջինս համակարգային վերափոխումների հասնելու մեր հանձնառությունն է այնպիսի նոր առաջնորդների սերունդ ձևավորելու միջոցով, որոնք կտիրապետեն փոփոխությունների կառավարման հմտություններին։ Մենք հավատում ենք, որ մեր աշակերտները կդառնան 25 տարեկան նրանց համայնքն ու երկիրը վերափոխված կլինի հենց իրենց իսկ ջանքերով։ Նրանք կլինեն փոփոխություն և նորարարություն ստեղծողները։
Երբ համավարակով պայմանավորված աշխարհն ստիպված եղավ անցնել առցանց ռեժիմի, մենք որոշեցինք ստեղծված ճգնաժամն օգտագործել որպես կրթությունը վերաիմաստավորելու հնարավորություն: Հանրակրթական համակարգում աշակերտական առաջնորդության ներառման համար անհրաժեշտ կլինի հիմնովին փոփոխել կրթության ոլորտում առկա ստատուս քվոն, ինչն էլ իր հերթին առաջացնում է մանկավարժության մեջ արմատական փոփոխություններ բերելու անհրաժեշտությունը: Այդ պատճառով մենք վերանայեցինք ուսուցիչների վերապատրաստման մեր ծրագիրը՝ այն կենտրոնացնելով «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության» գաղափարի շուրջ: Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հեղինակային մոտեցումն է դասավանդման գործընթացին, որի նպատակն է մեր աշակերտների մոտ խթանել նախաձեռնողականությունը՝ զարգացնելով նրանց նորարարական մտածողությունն և հավաքական առաջնորդության ունակությունը: 2020թ. ամռանը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկերց Աշակերտական առաջնորդության առցանց ճամբարը՝ ներգրավելով ավելի քան 300 աշակերտների։ Ճամբարի շրջանակում մեր Ուսուցիչ-առաջնորդները հանրակրթության պետական ուսումնական ծրագրում առկա դպրոցական առարկայական բովանդակությունը ներառեցին աշակերտական նորարարական նախագծերում:
Մինչ օրս մեր հիմնական ծրագրում ներգրավել ենք ավելի քան 30,000 աշակերտի և աշակերտական խմբերի կողմից ստացել մոտ 500 նախագծային առաջարկներ, որոնք միտված են խթանել պատանիների և երիտասարդների շրջանում քաղաքացիական պատասխանատվության ձևավորումը և նախաձեռնողականությունը: Մինչ օրս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աջակցությամբ Հայաստանի մարզերում և Արցախում իրականացվել են ավելի քան 50 աշակերտական նախագծեր: Հենց անցյալ ամիս մեր Ուսուցիչ-առաջնորդներին հաջողվեց հանգանակել մոտ 40,000 ԱՄՆ դոլար իրենց աշակերտների նորարարական մոտ 100 նախագծերը կյանքի կոչելու համար։ Մինչև ներկա ուսումնական տարվա վերջ աշակերտական նորարարական նախագծերի քանակը եռապատկվելու է։
Մենք մեր գալիք սերունդներին ենք ժառանգում մարտահրավերներով և դժվարություններով լի աշխարհ, որին դիմակայելու և հաջողելու համար մեր պարտքն ենք համարում առավելագույնս նախապատրաստել նրանց։ Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը, ինչպես նաև նշված նորարարական նախագծերը օգնում են մեր աշակերտներին գործնականորեն կիրառել իրենց տեսական գիտելիքները, որպեսզի կարողանան լուծում տալ իրենց համայնքում առկա խնդիրներին: Տարիներ անց արդեն չափահաս դարձած մեր աշակերտների համար ամենակարևորը հենց այս կարողությունն է լինելու. միասնական ջանքերով նվազեցնել պետական մասշտաբով ամենահրատապ մարտահրավերների ակտուալությունը։
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Քոչարի»-ին ուրվագծելուց կարճ ժամանակ անց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր թիմերի ներգրավմամբ մշակեց երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, որն այժմ հայտնի է որպես մեր «Առագաստ»: «Առագաստում» ուրվագծված են ներազդեցության երեք ուղղություններ. 1) ներգրավել փոփոխության ջատագովների լայն զանգված 2) կամուրջ հանդիսանալ երկրի տարբեր ծայրերում գտնվող «լուսավոր կետերի» համար, և 3) հասնել կառուցվածքային բարեփոխումների:
Ռազմավարական երկարաժամկետ պլանավորման մեր մոտեցումը ոգեշնչված է Մալքոլմ Գլադուելի 2000թ․ «Բեկումնային պահը․ ինչպես են փոքր փոփոխությունները բերում մեծ շրջադարձեր» գրքից։ Իր գործում Գլադուելը քննում է, թե ինչպես են գաղափարները դառնում «վարակիչ» և ինչպես կարող են հանգեցնել զանգվածային տեղաշարժերի հասարակական կյանքում: Հենց այս գաղափարն է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը փորձում է կյանքի կոչել իր Առաջնորդության զարգացման ծրագրի միջոցով: Այսկերպ՝ մենք նպատակ ունենք հավաքագրել նպատակասլաց և նվիրյալ անհատների, որոնք պատրաստ կլինեն որպես Ուսուցիչ-առաջնորդներ դասավանդել և առաջնորդել՝ տեղակայվելով Հայաստանի և Արցախի այն համայնքներում, որտեղ նրանց կարիքն ամենաշատն է զգացվում (վերը նշված ներազդեցության 1-ին ուղղությունը):
Մեր երկամյա ծրագրի շրջանակում վերապատրաստված անհատներն այնուհետև աշխատում են իրենց աշակերտների հետ՝ ստեղծելու հարյուրավոր և հազարավոր «լուսավոր կետեր», որոնք վկայում են ամբողջ կրթական համակարգում մեր ունեցած ներազդեցության մասին (մեր ներազդեցության 2-րդ ուղղությունը): Երկարաժամկետ հեռանկարում ծրագիրն ավարտած մեր Ուսուցիչ-առաջնորդներն ու աշակերտները դառնում են մեր առաքելության «դեսպաններ»՝ մեր համայնքների և կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով իրականացնելով կառուցակարգային փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են երկրի ներուժն առավելագույնս բացահայտելու համար (մեր ներազդեցության 3-րդ ուղղությունը): Ահա սա է այն «շարժումը», որի մասին հաճախ խոսում է հիմնադրամը։
Ըստ սոցիոլոգ Դեյմոն Սենտոլայի (2018թ․)՝ սոցիալական նորմերը կարող են փոփոխություն կրել հասարակության մեջ այն ժամանակ, երբ որոշակի վարքագիծ է դրսևորում տվյալ բնակչության 25%-ը: Ըստ այդմ, մեր նպատակն է գործուներություն ծավալել գյուղական համայնքների հանրակրթական դպրոցների մեկ քառորդում: Ներկայություն ապահովելով երկրի յուրաքանչյուր չորս գյուղական համայնքներից մեկում՝ մենք հավատում ենք, որ կարող ենք ստեղծել բավականաչափ «լուսավոր կետեր»՝ համակարգային փոփոխություններ իրականացնելոււ համար:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն այժմ գործում է Հայաստանի և Արցախի բոլոր հանրակրթական դպրոցների ավելի քան 10%-ում և հասանելի է գյուղական համայնքների բոլոր աշակերտների մոտ 20%-ին (Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, 2018): Միայն այս տարի մենք օգնեցինք ԿԳՄՍ նախարությանը կրթական համակարգում համալրել յուրաքանչյուր տասը թափուր աշխատատեղից մեկը՝ շեշտադրելով սահմանամերձ գյուղական համայնքներում առկայությունը: Մինչև 2025 թվականը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նպատակ ունի իր Ուսուցիչ-առաջնորդների թիվը հասցնել 360-ի: Այսկերպ մենք հասանելի կդառնանք գյուղական համայնքներում ապրող աշակերտների մեկ քառորդի համար՝ լրացնելով համակարգում ներկայումս առկա թափուր աշխատատեղերի մոտավորապես կեսը:
Մինչ օրս մեր երկամյա Առաջնորդության զարգացման ծրագիրն ավարտել է մոտ 200 Ուսուցիչ-առաջնորդ, որոնցից ավելի քան 80%ը շարունակում է իր գործուներությունը ծավալել կրթական համակարգում՝ արդեն որպես Կրթության հավասարության շրջանավարտ-դեսպաններ: Ընդ որում՝ նրանց շուրջ 50%-ը դեռևս դասավանդում է, իսկ 20%-ը աշխատում է դպրոցական ղեկավար օղակներում կամ կրթության կառավարման ոլորտում: Հետաքրքիր է այն փաստը, որ Շրջանավարտ-դեսպաններ մեծամասնությունը կամ ունի մասնագիտական որակավորման բարձր աստիճան, կամ ներկա պահին ուսանում է աստիճանի ձեռք բերման համար: Անցկացվող հարցումներում նրանց 95%-ը նշել է, որ դեռևս կապ են պահպանում իրենց նախկին աշակերտների հետ, իսկ 98%-ը հավատում է աշակերտական առաջնորդության միջոցով համակարգային վերափոխումների հասնելու մեր տեսլականին:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ողջ ռազմավարությունն ուղղած է մարդկային կապիտալի զարգացմանը: Մենք չենք կառուցում շքեղ շենքեր, մենք կենտրոնացնում ենք մեր ուժերը առաջնորդության զարգացման վրա՝ այն համարելով միակ ամենաառանցքային բաղադրիչը, որը հիմնասյուն է հանդիսանում մնացածի համար: Այլ կերպ ասած՝ մենք ներդրում ենք կատարում մարդկանց մեջ։ Ինչպես ձևակերպված է Ծրագրում. «Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն։ Լինելով մարդկային կապիտալի առումով փոքր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում յուրաքանչյուր քաղաքացուն, հասարակության յուրաքանչյուր անդամին՝ որպես մարդկային ընդհանուր կապիտալի մի մաս» (Ծրագիր, կետ՝ 72-73):
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Փետրվարի 22-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հնարավորություն ունեցավ վարելու հանրային քննարկում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, որն անցկացվեց Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երկարաժամկետ ռազմավարությունը մեծապես համընկնում է կառավարության կողմից պլանավորվող աշխատանքի հետ, հատկապես այն մասով, որը վերաբերում է հանրակրթական դպրոցներում «ներառական և աշակերտակենտրոն կրթական միջավայրի» և ամբողջ համակարգում արդյունավետության և նորարարության խթանմանը (Ծրագիր, կետ՝ 76):
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ղեկավար կազմն ուսումնասիրել է ռազմավարական առաջնահերթությունների նախագիծը, ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքում (ԿԳՄՍՆ, 2022թ.) վերջերս կատարված փոփոխությունները։ Արդյունքում մշակված վեց առանցքային առաջարկները կներկայացվեն ՀՀ կառավարություն՝ ի նպաստ վերջինիս կողմից 2030թ. ընդառաջ տարվող աշխատանքներին.
1) ուսուցիչներին տալ առավել ճկուն գործելու հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան որդեգրել դասավանդման նորարարական մոտեցումներ։
2) ընդլայնել դպրոցների ղեկավարության, ուսուցիչների, ծնողների և համայնքի անդամների հնարավորությունները դպրոցում և նախակրթական ուսումնական ծրագրերում՝ առավել մեծ որակական փոփոխություններ բերելու նպատակով։
3) հանրակրթական դպրոցի բոլոր աշակերտների համար հասանելի դարձնել առցանց և համակցված ուսումնառությունը։
4) ամրապնդել տվյալների համակարգերը՝ առաջադիմությունն առավել չափելի դարձնելու համար, ինչպես նաև հատկացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ աշակերտական առաջադիմության արդյունքների բարելավման նպատակով։
5) բուհերի շրջանավարտների և մասնագետների համար ստեղծել ավելի շատ ուղիներ և խթաններ՝ ուսուցչությամբ զբաղվելու նպատակով։
6) ստեղծել «նորարարությունների գոտիներ», որոնք կնպաստեն կրթության ոլորտի համագործակցությանը մասնավոր և պետական հատվածների հետ:
ԱՌԱՋԱՐԿ #1․ ուսուցիչներին տալ առավել ճկուն գործելու հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան որդեգրել դասավանդման նորարարական մոտեցումներ.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր ուսուցիչների համար տարեցտարի անցկացնում է նորարարական ուսուցմանն ուղղված վերապատրաստումներ, ինչպիսին է «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը»: Այդուհանդերձ, մենք դեռ հնարավորություն չունենք կիրառելու այդ հմտությունները դպրոցական դասաժամերին (բացառությամբ որոշ առարկաների, որոշ դասարաններում և միայն Տավուշի մարզում): Մեր ուսուցիչներին թույլատրված է «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունն» իրականացնել միայն որպես արտադպրոցական գործունեություն:
Անցյալ ամռանը Տավուշի մարզի ուսուցիչներն անցան վերապատրաստման ծրագիր՝ որդեգրելու համար կրթության նոր չափորոշիչներ։ Դրանց կազմում է նաև «նախագծային ուսումնառության» մեթոդաբանությունը: Այնուամենայնիվ, օրենքը ուսուցչին թույլ չի տալիս Ծրագրից շեղում, ինչը խոչընդոտում է դասավանդման մեջ նորարարության ներմուծմանը։
«Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը» դասավանդման նորարարական մոտեցում է, որում միահյուսված են պետական ուսումնական ծրագիրը և դպրոցական առարկաների յուրացման հետազատական մոտեցումները: Ուսումնական նյութի բովանդակությունը դիդակտիկ և գծային եղանակով դասավանդելու փոխարեն՝ «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն» ուսումնական ծրագիրը մատուցում է ճիշտ հակառակ ուղղությամբ՝ խրախուսելով աշակերտներին նախևառաջ ինքնուրույն ուսումնասիրել թեմաները: Այս մոտեցումը աշակերտներին հնարավորություն է տալիս ինքնուրույն կառուցել իրենց գիտելիքը՝ այդ կերպ ձևավորելով թեմայի ավելի խոր և բազմակողմանի ընկալում (PBLWorks, 2022թ․): Այլ կերպ ասած՝ «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը» ոչ միայն չի շեղվում ուսումնական ծրագրից, այլև ավելի է ամրապնդում դրա յուրացումը:
Բարեբախտաբար, վերջերս ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնություններով, որոնք ուսուցիչներին կարող են տալ պետական ուսումնական ծրագրի դասավանդմանը ստեղծագործաբար մոտենալու ավելի ճկուն հնարավորություններ: Ֆինլանդիայում, որը մշտապես զբաղեցնում է առաջին տեղը միջազգային գնահատման համակարգերում (ինչպիսիք են TIMSS-ը և PISA-ն), ուսուցիչներն ունեն պետական ուսումնական ծրագրի մատուցման վերաբերյալ որոշումներ կայացնելու ինքնավարություն (Saavedraև այլք, 2018թ․): «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը լիահույս է, որ մոտ ապագայում մեր ուսուցիչները նույնպես օժտված կլինեն նման ինքնուրույնությամբ:
ԱՌԱՋԱՐԿ #2․ ընդլայնել դպրոցների ղեկավարության, ուսուցիչների, ծնողների և համայնքի անդամների հնարավորությունները դպրոցում և նախակրթական ուսումնական ծրագրերում՝ առավել մեծ որակական փոփոխություններ բերելու նպատակով
Պետական ուսումնական ծրագիրը մատուցելու մոտեցումներում ուսուցիչներին ստեղծագործական ազատություն տալուց բացի, Ֆինլանդիան նաև իր դպրոցներին է օժտում զգալի ինքնավարությամբ (Համաշխարհային բանկ, 2012): Համաշխարհային բանկը մեկնաբանում է «համակարգը կառուցված է վստահության վրա» բնորոշմամբ։ Ոգևորիչ է տեսնել, որ ԿԳՄՍ նախարարությունը ևս նմանատիպ ձևակերպումներ է օգտագործում Ծրագրում՝ այդ սկզբունքը շարադրելով որպես «կրթական գործընթացի կազմակերպման մեջ բոլոր շահակիցների և շահառուների պատասխանատվության առկայություն, նրանց հանդեպ վստահության հաստատում» (Ծրագիր, կետ՝ 77)։
Այնուամենայնիվ, հասկանալի է նաև, որ նման վստահությունը անհրաժեշտ է վաստակել: Հենց սա է պատճառը, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկեց «Սերունդ» դպրոցների նախագիծը։ Այն դպրոցների վերափոխմանն ուղղված նախաձեռնություն է, որը միաժամանակ ծառայում է որպես մասնագիտական ռեսուրսի զարգացման խողովակ։ «Սերունդ»-ի միջոցով մենք նպատակ ունենք զարգացնելու մեր դպրոցների կարողությունները՝ առաջնորդության, նորարարության, ծնողների և համայնքների հետ նշանակալից ներգրավվածության միջոցով։ Անցյալ ուսումնական տարվա ընթացքում մեր փորձնական ծրագրում ներառված առաջին դպրոցը ցուցաբերեց հսկայական առաջընթաց: Մեկ ուսումնական տարվա ընթացքում կրկնապատկվել է աշակերտների թիվը և մաթեմատիկայի բնագավառում գրանցված ցուցանիշը: Մինչև տարեվերջ ուսուցիչների և ծնողների 100%-ն արդեն շեշտում էին, որ խորհուրդ կտան այդ ծրագիրը այլ դպրոցներին ևս: Նախագիծն ունեցավ այնպիսի մեծ հաջողություն, որ «Սերունդ»-ը «Teach For All» կազմակերպության կողմից ընտրվեց իր ամենամյա հեղինակավոր «Ցանցային նվաճում» հանդեսում ներկայացվելու համար:
Հաշվի առնելով «Սերունդ»-ի հետ տարրական դպրոցում ունեցած հաջող փորձը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն այժմ ուսումնասիրում է նախադպրոցական կրթության վրա ուշադրությունը սևեռելու հնարավորությունը։ Համաձայն Հարվարդի բարձրագույն կրթության դպրոցում Դանա Չարլզ ՄքՔոյի կատարած հետազոտության՝ նախադպրոցական կրթության դրական փորձը հանգեցնում է երկարաժամկետ օգուտների, այդ թվում՝ ավագ դպրոցը հաջողությամբ ավարտելու ցուցանիշների աճի (Ուոլշ, 2017թ․): «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը պատրաստակամ է համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես կարող ենք օգտագործել «Սերունդ» ծրագիրը՝ տեղական մակարդակի առաջնորդներին, դպրոցի տնօրեններին, ծնողներին և համայնքի այլ անդամներին ներգրավելու նպատակով, որպեսզի բարելավվի նախադպրոցական կրթության պատկերը ողջ երկրում, ինչը որպես առաջնահերթություն նախանշված է հենց Ծրագրում (Ծրագիր, կետ՝ 81, 4-րդ ենթակետ):
Դպրոցում իրականացվող վերափոխումները ենթադրում են մեծ մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար պահանջում է ուժերի համատեղում: Այնուամենայնիվ, մեր «Սերունդ» դպրոցների փորձը ցույց է տալիս, որ երբ դպրոցի ղեկավարներին, ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին և համայնքի անդամներին տրամադրվում է համապատասխան աջակցություն ամենօրյա աշխատանքային ռեժիմով, նրանք կարող են իրագործել աներևակայելին: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նպատակ ունի ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել «Սերունդ» ծրագրի լայն կիրարկման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա զարգացնել տեղական մակարդակում որոշումներ կայացնելու դպրոցների կարողությունները։ Դա նաև կնպաստի Ծրագրի՝ կառավարման պրակտիկան ողջ համակարգում բարելավելու նպատակի իրագործմանը, որն էլ իր հերթին ուղղված է արդյունավետության բարձրացմանը: Ավելին, մեր «Սերունդ» ծրագրի ուսուցիչները պատրաստ են ծառայել որպես մենթորներ տարածաշրջանի դպրոցների ցանցի համար:
ԱՌԱՋԱՐԿ #3․ Հանրակրթական դպրոցի բոլոր աշակերտների համար հասանելի դարձնել առցանց եւ համակցված ուսումնառությունը
Ամբողջ աշխարհում համավարակային մեկուսացումները և դպրոցների փակումը հանգեցրին մի պարզ պատկերացման, որն է համացանցային հասանելիությունն այլևս չպետք է համարվի շքեղություն, այն այլևս պետք է դիտարկվի որպես անհրաժեշտ գործիք: Անչափ կարևոր է, որ մեր աշակերտներին տեխնոլոգիաներն ու համացանցի կապը լինեն նույնքան հասանելի, որքան օրինակ էլեկտրականությունը:
Երբ համավարակի պատճառով փակվեցին դպրոցները, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն անցկացրեց կարիքների գնահատում՝ պարզելու համար, թե մեր աշակերտների որ մասն է զրկած տեխնոլոգիաների և կապի հասանելիությունից: Ինչպես արդեն նշվեց, մեր դիտարկմամբ՝ աշակերտների մոտավորապես մեկ քառորդը, ըստ էության, զրկվել է սովորելու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ձեռնարկեց «Վերջ թվային մեկուսացմանը» լայնածավալ արշավը, որի միջոցով կազմակերպությունը հավաքագրեց մոտ 500,000 ԱՄՆ դոլար՝ պլանշետներ գնելու նպատակով: Այս ջանքերի շնորհիվ էր, որ մեզ հաջողվեց գործարկել «Աշակերտների վիրտուալ առաջնորդություն» նախագիծը, որի միջոցով առցանց ռեժիմում փորձարկեցինք «Փոփոխությունների վրա հիմնված ուսումնառությունը»:
Omicron շտամի ներթափանցման ֆոնին Հայաստանը շարունակում էր մնալ COVID-19-ի հինգերորդ և երկրորդ ամենաբարձր ալիքի ազդեցության ներքո (Manougian, 2022): Որքան էլ որ ցանկալի է մտածել, թե ապրում ենք հետհամաճարակային աշխարհում, իրականությունը հուշում է բոլորովին այլ պատկեր: Ավելին, սա առաջին գլոբալ համաճարակը չէր, և, հավանաբար, չի լինի նաև վերջինը (Gilchrist, 2022): Եկել է ժամանակը, որ Հայաստանը արդիականացնի իր կրթական համակարգը և իր համայնքները զինի համացանցային հասանելիությամբ, որպեսզի մեկ այլ համաճարակի կամ ճգնաժամի դեպքում «ոչ մի երեխա դուրս չմնա պարտադիր կրթության համակարգից» (Ծրագիր, կետ՝ 86 (է)):
Հավելենք, որ վերջերս «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձեռք է բերել լրացուցիչ ֆինանսավորում՝ մեր աշակերտներին անհրաժեշտ գործիքներով զինելու նպատակով: Հաշվի առնելով, որ Ծրագիրն ընդգծում է «արդիականացման» անհրաժեշտությունը՝ կենտրոնանալով դպրոցները «արդիական համակարգչային միջոցներով համալրելու և բարձրորակ ինտերնետի հասանելիության ապահովման» ուղղությամբ (Ծրագիր, կետ՝ 12), մենք հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին համատեղ քննարկելու, թե ինչպես կատարել անհրաժեշտ ներդրումներ, որպեսզի բոլոր աշակերտներն ունենան իրենց կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ գործիքները:
ԱՌԱՋԱՐԿ #4․ Ամրապնդել տվյալների համակարգերը՝ առաջադիմությունն առավել չափելի դարձնելու համար, ինչպես նաև հատկացնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ աշակերտական առաջադիմության արդյունքների բարելավման նպատակով
Համակարգային փոփոխությունների հասնելու համար առանցքային կարևորություն ունի տվյալահեն մոտեցումը: Ինչպես մեկնաբանում է ԿԳՄՍ նախարարությունն իր իր Ծրագրում, «կրթության կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով տվյալների վրա հիմնված կառավարման համակարգի ամրապնդումը» գերակա առաջնահերթություն է (Ծրագիր, կետ՝ 81, 2-րդ ենթակետ): Տարիների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորել է տվյալների կառավարման սեփական մոտեցումը, և մենք հույս ունենք համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ՝ մեր սեփական փորձի կիրարկմամբ աջակցելու մշտադիտարկման, գնահատման և ուսուցման (MEL) համակարգերի համապետական բարելավմանը:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչների վերապատրաստման ամառային ինտենսիվ ութշաբաթյա ծրագրի միջոցով, որը նաև հայտնի է որպես «Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա», ուսումնական ծրագրի զգալի մասը կենտրոնանում է տվյալների և ցուցանիշների կուռ համակարգի մշակման վրա, որով չափվում է ըստ դպրոցական առարկաների ուսումնասիրվող աճը՝ հաշվի առնելով գիտելիքների պահպանման, կիրառման, ինչպես նաև քննադատական մտածողության խրախուսման ցուցանիշները: Նույն մեթոդները մենք այնուհետև կիրառում ենք ողջ ուսումնական տարվա ընթացքում: Առաջին կիսամյակի սկզբում մեր ուսուցիչներն անցկացնում են «ախտորոշիչ գնահատումներ»՝ ելակետային տվյալները պարզելու համար: Այնուհետև՝ ուսումնական տարվա ավարտին, մեր ուսուցիչներն աշակերտների հետ անցկացնում են ամփոփիչ գնահատում առարկայի յուրացման աճը որոշելու համար: Անցյալ տարվա արդյունքները ցույց տվեցին, որ մեր աշակերտները միայն քննադատական մտածողության ցուցանիշով ցուցաբերել են 51% աճ:
Առարկայական հատուկ գնահատումներից բացի, մենք նաև մշակել ենք համապարփակ միջոցառումներ՝ աշակերտական առաջնորդության և իրենց ձայնը լսելի դարձնելու առաջընթացի թվային գնահատման ուղղությամբ: Մեր «Աշակերտական առաջնորդության սեփական կարողությունների արձանագրման» («Student Leadership Self-Inventory») եղանակով մենք ականատես եղանք ինքնագիտակցության աստիճանի մոտ 20% աճի տեմպ, իսկ «Աշակերտների ձայնի լսելիության սանդղակը» ցույց տվեց 23% աճի տեմպ՝ աշակերտների կողմից սեփական կարծիքը պնդելու կարողության առումով: Առավել ուշագրավ է այն, որ 2021 թվականին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ուսուցիչների արդյունավետության ցուցանիշներով «Teach For All» ցանցում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ համաձայն Աշակերտների շրջանում հարցման «Պանորամա» գործիքի տվյալների:
Ծրագրում ԿԳՄՍ նախարարությունն առանձնահատուկ կերպով շեշտադրում է «քննադատական, վերլուծական, նորարարական, ինքնուրույն և ստեղծագործական մտածողության» զարգացման վրա (Ծրագիր, կետ՝ 24): Հաշվի առնելով այն գիտելիքը, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մոտ տասը տարիների ընթացքում կուտակել է տվյալների ձեռք բերման իր տարբեր փորձնական ծրագրերի միջոցով, կազմակերպությունը առաջիկա ամսվա ընթացքում կներկայացնի նոր «Առաջնորդության կարողության իրացման շրջանակ»: Այն մշակված է 25 առանձնահատուկ կարողությունների հիման վրա, որոնք կազմակերպությունը համարում է անհրաժեշտ վերափոխումների միտված առաջնորդներ ձևավորելու համար: Առաջնորդության կարողության իրացման շրջանակի միջոցով մենք կատարելագործում ենք մեր աշակերտների, Ուսուցիչ-առաջնորդների, Շրջանավարտ-դեսպանների և նույնիսկ անձնակազմի շրջանում առաջնորդության զարգացումը քանակական ցուցանիշներով գնահատելու մոտեցումները: Նման շրջանակը կարող է օգնել ԿԳՄՍ նախարարությանը, քանի որ գերատեսչությունը ևս ձգտում է մշակել կարողությունների վրա հիմնված մոտեցում ինչպես աշակերտների (Ծրագիր, կետ՝ 80, 5-րդ ենթակետ (գ)), այնպես էլ վարչական օղակների համար:
Քանի որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձգտում է շարունակաբար կատարելագործել իր «MEL» համակարգերը, դրանք վերջերս համատեղ վերանայվել են Դելոյթ աուդիտորական և խորհրդատվական ըներության հետ: Համագործակցության շրջանակում Դելոյթը գնահատեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մոտեցումը ծրագրային արդյունքների չափման հարցում։ Ընկերության խորհրդով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը պետք է շարունակի զարգացնել որակի ապահովման գործընթացները տվյալների վավերացման միջոցով: Միաժամանակ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հույս է հայտնում, որ կկարողանա համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ՝ մշակելով վավերացման ընթացակարգեր, որոնց շնորհիվ դպրոցներից հավաքագրված տվյալները ճշգրիտ կերպով կարտացոլեն այն, ինչ տեղի է ունենում իրականության մեջ:
Մեր ներազդեցության չափելիության կատարելագործման նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայումս վարում է բանակցություններ Միացյալ Նահանգների բարձրագույն կրթության առաջատար հաստատության հետ՝ ուսումնասիրելու կազմակերպության կողմից արտաքին հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը: Հետազոտությունը նպատակ ունի գնահատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մանկավարժական մոտեցումները, որպեսզի ավելի պարզ դառնա ամբողջական պատկերը, որը կներառի ուսումնական առաջադիմությունը, աշակերտական առաջնորդությունը, ինչպես նաև՝ ներգրավվածությունը համայնքների կյանքում: Բացի այդ, «Սերունդ»-ի միջոցով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նաև աշխատել է գնահատման գործիքների մշակման ուղղությամբ՝ հետևելու համար տառաճանաչության և թվաճանաչության պատկերին, ինչպես նաև սոցիալ-հուզական ուսումնառության մշտադիտարկման միջոցառումներին: Երկու նախագծերի դեպքում էլ մենք հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարությանը՝ միանալու գործընթացին, որպեսզի միասին համոզվենք, որ մեր դասավանդման եղանակները կարող են օգտակար լինել ուսուցիչներին և դպրոցներին ողջ երկրով մեկ:
ԱՌԱՋԱՐԿ #5․ Բուհերի շրջանավարտների և մասնագետների համար ստեղծել ավելի շատ ուղիներ և խթաններ՝ ուսուցչությամբ զբաղվելու նպատակով
Վերջերս ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նոր օրենսդրական փոփոխությունները ցույց են տալիս, որ կառավարությունը նպատակ ունի հավաստագրման նոր ծրագրերի միջոցով ներդնել կրթության որակի հավաստման և գնահատման վստահելի և օբյեկտիվ համակարգ (Ծրագիր, կետ՝ 80, 9-րդ ենթակետ): Նախքան նոր օրենքի ընդունումը, դասավանդման իրավունքի միակ ճանապարհը մանկավարժության առվազն բակալավրի ավարտական որակավորում ունենալն էր: Մեզ համար հասկանալի է, որ գործող օրենքն, ի սկզբանե, մշակվել է ուսուցչի մասնագիտության բարձր մակարդակի ապահովման համար: Միևնույն ժամանակ, դա նաև հանգեցրել է ուսուցիչների զանգվածային սղության։ Ինչպես նշվեց ավելի վաղ, տարեկան կտրվածքով ամբողջ երկրում կա մոտավորապես 600-700 ուսուցչական թափուր աշխատատեղ՝ հատկապես կարևորագույն ԲՏՃՄ առարկաների գծով: Մինչ օրենքի պահանջների որոշակի դյուրացումը, ըստ էության, մասնագիտական որոշակի ուղղվածություն ունեցող մասնագետներին թույլ չէր տրվում զբաղվել ուսուցչությամբ տարրական կամ միջնակարգ հանրակրթական համակարգում:
Օրինակ, պատկերացրեք, որ Դուք դեղագործական ընկերությունում որպես քիմիկոս աշխատելու տասնամյա փորձով գիտնական եք: Չնայած քիմիայի բնագավառում բարձրագույն կրթության աստիճանին՝ գործող օրենսդրության համաձայն, ըստ էության, Դուք չէիք կարող որպես մասնագետ աշխատել հանրակրթական դպրոցում: Դասավանդելու համար գիտնականը պետք է վերադառնար համալսարան և ստանար մանկավարժի բակալավրի որակավորում: Մենք ուրախ ենք փաստել, որ այս խնդրի լուծման ուղղությամբ ունենք որոշակի առաջխաղացում և մշակվել որոշակի այլընտրանք, սակայն՝ հստակ սահմանափակումներով։ Այս համատեքստում ցանկանում ենք հավելել, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, ով ներառական կրթության մագիստրոսի որակավորում է ստացել Արիզոնայի պետական համալսարանում (որը բարձրակարգ բուհ է ըստ QS Համաշխարհային դասակարգի, 2022թ․) և ունի ԱՄՆ-ում 11-րդ տեղը զբաղեցնող «Կրթական դպրոց» (ֆակուլտետ) (US News, 2022), գործող օրենսդրության համաձայն, չի կարող դասավանդել Հայաստանում (չնայած ԱՄՆ-ում իր դասավանդման փորձին)։
Ուրախ ենք, որ օրենսդրական դաշտի վերանայումը դասավանդելու (սակայն դեռ սահամանափակ) հնարավորություն է ընձեռում արդեն բակալավրի կոչում ունեցող անհատներին, որոնք ընդգրկվել են 30 կրեդիտանոց մանկավարժական դասընթացում։ Ըստ այդմ, նման մասնագետները կարող են դասավանդել հանրակրթական դպրոցում, եթե տվյալ ուսուցչի հաստիքը չի համալրվել երկու անգամ, կամ՝ մեկ անգամ, եթե խոսքը վերաբերում է ԲՏՃՄ ոլորտին: Այս կապակցությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սատարում և ողջունում է դասավանդման այլընտրանքային ուղիներ ստեղծելու ԿԳՄՍ նախարարության ջանքերը: Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը նաև հնարավորություն է ընձեռում ուսուցիչների վարձատրության բարձրացման համար, ինչը, կարծում ենք, կօգնի համակարգում ներգրավել բարձրակարգ շնորհալի մասնագետների:
Վերջին յոթ տարիների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ստեղծել է ուսուցիչների վերապատրաստման կայուն և արդյունավետ ծրագիր, որը կարող է նաև իրականացվել հեռավար ուսուցման միջոցով: Մեր ծրագրում հնարավոր է կիրառել նաև ինքնուսույց առցանց դասընթաց, որն ուղեկցվում է շարունակական քոուչինգով՝ երկրի հեռավոր վայրերում աշխատող նոր ուսուցիչներին գործունեության ճկունություն ապահովելու նպատակով: Այս մոտեցումը համահունչ է Սյունիքի մարզում ԿԳՄՍ նախարարության կողմից կիրառվող պիլոտային ծրագրի հետ, որն, ըստ կառավարության, կարող է «որպես մոդել ծառայել ողջ երկրի համար» (Ծրագիր, կետ՝ 9): Մեր նպատակն է աշխատել ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև բարձրագույն կրթության փորձագետների հետ՝ բուհական որակավորում ունեցողների և մասնագետների համար ուսուցչության ոլորտ մուտք գործելու ուղիների զարգացման և կայացման առումով, ինչը կարող է մեղմել ուսուցիչների պակասի ճգնաժամը:
ԱՌԱՋԱՐԿ #6․ Ստեղծել «նորարարությունների գոտիներ», որոնք կնպաստեն կրթության ոլորտի համագործակցությանը մասնավոր և պետական հատվածների հետ
Ծրագիրը նաև նախատեսում է հայկական կրթական համակարգի ամբողջական ինտեգրում և լայնորեն ճանաչում միջազգային հարթակներում, ինչպես նաև Հայաստանի վերածում կրթական ծառայություններ և արտադրանք արտահանող երկրի (Ծրագիր, կետ՝ 82): Ծրագրում որպես օրինակ է նշվում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեծապես գնահատում է «ԹՈՒՄՈ» կենտրոնի գործունեությունը, որը մեզ նաև աջակցել է մեր մեկնարային տարիներին: Արժե նաև նշել, որ «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաների հետ մենք ունենք երկարամյա համագործակցության արդյունավետ փորձ և անցյալ տարվա վերջին դարձել ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ասոցիատիվ անդամ: Այդ համագործակցություններից ոգեշնչված՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործարկեց «Tech4Armenia» նախաձեռնությունը՝ ջանալով ավելի սերտորեն համագործակցել Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ նպատակ հետապնդելով ուսուցիչների թափուր աշխատատեղերը լրացնել ԲՏՃՄ բնագավառի մասնագետներով: Տեխնոլոգիական ոլորտի հետ համագործակցության արդյունքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նաև գործարկել է Káits ծրագիրը՝ Հայաստանում սոցիալական նորարարությունների առաջին ինկուբատորը, որի առանցքում հանրակրթությունն է։
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը խիստ կարևորում է «նորարարության գոտիների» զարգացումը, դրանք կարող են խրախուսել պետական-մասնավոր հատվածների համագործակցությունը: Մասնավոր հատվածի հետ ռազմավարական գործընկերության միջոցով կառավարությունը կարող է ստեղծել «նորարարության գոտիներ»՝ մասնակից ընկերություններին և կազմակերպություններին տրամադրելով արտոնություններ (օրինակ՝ հարկային)՝ խթանելու համար համագործակցությունը և նորարարությունը: «Սերունդ»-ը ակնառու օրինակ է, թե մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում ինչպիսի ձեռքբերումներ կարող է ունենալ կառավարությունը: Ավելին, ինչպես արդեն ասվեց, մեր նպատակն է ստեղծել «լուսավոր կետեր»՝ ամբողջ համակարգում ուսումնառության խթանման նպատակով: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը բոլորովին մտադիր չէ մենաշնորհել «Սերունդ»-ի նման նախաձեռնությունները։ Ընդհակառակը, մենք հուսով ենք, որ մեր կրթական համակարգը կարող է օգտակար գիտելիք և փորձառնություն քաղել նմանօրինակ ծրագրերից, որպեսզի դրանք տեղայնացվեն այն ամբողջ համակարգում: Ի վերջո, ինչպես շեշտադրված է մեր առաքելության մեջ, մենք նպատակ ունենք գերազանց կրթությունը հասանելի դարձնել ԲՈԼՈՐ երեխաների համար:
Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը այս «լուսավոր կետերը» ձգտում է ստեղծել ոչ թե արտահանման նպատակով, այլ՝ հենց երկրի ներսում համակարգային վերափոխումների հասնելու համար: Այդ իսկ պատճառով, ԿԳՄՍ նախարարությանը մենք առաջարկում ենք Կրթության ռազմավարության մեջ կատարել այնպիսի հավելումներ, որոնք հնարավորություն կտան ստեղծելու վերոնշյալ «նորարարական գոտիները» ոչ թե «արտահանման», այլ՝ ավելի շուտ Հայաստանի կրթական համակարգում գիտելիքով հարստացման և փոփոխությունների կառավարման նպատակով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ծրագիրը մշակված է այն տեսլականի հիման վրա, որ «յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել յուրաքանչյուր սովորողի տաղանդները և հնարավորինս զարգացնել դրանք՝ դրանք ուղղորդելով պետության ամրապնդմանը և տնտեսության զարգացմանը» (Ծրագիր, կետ՝ 74)։ Կրթության նոր ռազմավարության ոգին համահունչ է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Քոչարի»-ին և մեր աշակերտամետ տեսլականին։
2023թ․ իր գործունեության 10-ամյակին մոտեցող «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կուտակել է Հայաստանի մարզերի համայնքների հանրակրթական դպրոցներում աշխատանքի հսկայական փորձ: Մենք չէինք ունենա նման առաջընթաց, եթե մեր հիմնադրման օրվանից չունենայինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սատարումը: Անցյալի և ներկա առաջնորդների շնորհիվ է, որ մեզ հաջողվել է ծառայել Հայաստանի երեխաներին։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակում է իր հանձնառությունը գալիք տարիներին ևս համագործակցելու ՀՀ կառավարության հետ՝ նորարարությունների, ուսումնառության և համակարգային փոփոխությունների խթանման նպատակով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված 2030թ. նախընթաց ռազմավարությունը մատնանշում է հիրավի հանգուցային ուղղություններ, և մենք լիահույս ենք, որ կառավարությունը հաշվի կառնի մեր առաջարկություններն ու նկատառումները՝ միասին բարեփոխումներին զարկ տալու նպատակով:
Հեղինակ՝ ՌՈՒԻԶ ՔԼԱՐՔ