ԱՐՑԱԽԻ ՔՈԼԱՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՖԻԶԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉԸ
Արցախի հանրապետության Քոլատակ համայնքի դպրոցում երեք տարիների ընթացքում ֆիզիկա չի դասավանդվել՝ մասնագետի բացակայության պատճառով։ Այսօր, մեր Առաջնորդության զարգացման ծրագրի շնորհիվ Քոլատակի միջնակարգ դպոցը ֆիզիկայի նոր ուսուցիչ ունի. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Պողոս Գալստյանը իր երկամյա ճանապահրը սկսել է հենց այս համայնքում։ Ահա թե ինչպես է պատմում Պողոսը համայնքում իրեն հանդիպած խնդիրների և դրանց լուծումների մասին.
«Գաղտնիք չէ, որ բնագիտական առարկաները դժվար են տրվում աշակերտներին և ոչ բոլորն են հետաքրքրված դրանցով: Այս «մեծ համակրանքին» գումարենք այն փաստը, որ երեք տարի շարունակ դպրոցում չի իրականացվել դասավանդում, ինչի պատճառով աշակերտների մտքում չի ձևավորվել «ֆիզիկական» մտածելակերպ: Ստեղծված ոչ երանելի իրավիճակին պակասում էին համաճարակն ու պատերազմը. վերջիններս մեծ անդունդ ստեղծեցին աշակերտի և ուսումնառության միջև: Ինչ վերաբերում է բնագիտական առարկաներին, այս ամենից հետո, դրանք կարծես թե հայտնվեցին աշակերտների դպրոցական առարկաների սև ցուցակում:
Անկախ դասարանից յուրաքանչյուր նյութ բացատրելիս դու պետք է սկսես 7-րդ դասարանի թեմաներից՝ աշակերտների մտքում ֆիզիկական մարմին, նյութ և ֆիզիկական երևույթ հասկացությունները տարանջատելու համար։ Այն փաստի շնորհիվ, որ ֆիզիկա առարկան անմիջականորեն կապված է բնության մեջ տեղի ունեցող երևույթների, մեր կյանքի և առօրյայի հետ, նյութի մատուցումը հեշտ տրվեց: Կիրառելով տարբեր փորձեր, դիդակտիկ նյութեր, տեսանյութեր և սրանցում ներգրավելով նաև երեխաներին՝ հասանք այն արդյունքին, որ նրանց վարքագծում առարկայի նկատմամբ նկատվեց հետաքրքրասիրության նշաններ։ Սակայն չպետք է մոռանալ, որ աշխատանքի կեսը տալն է, իսկ մյուս կեսը վերցնելը. ուստի ամեն բան ապարդյուն կլինի, եթե աշակերտն ինքը չփորձի ջանք թափել մատուցված թեմայի ընկալման համար: Իսկ ջանքը ներկայիս՝ համացանցային դարում, ցավոք սրտի, բացակայում է, ինչի հետևանքով աշակերտների մոտ զգացվում է բաց՝ առաջին հերթին ստեղծագործական և վերլուծական մտածողության տեսանկյունից։
Ֆիզիկան այն գիտությունն է, որի բանալին «ի՞նչ», «ինչո՞ւ», «ինչպե՞ս» հարցերն են. ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է տեղի ունենում այս կամ այն երևույթը, և ինչպե՞ս է այն ազդում շրջապատի վրա։ Եթե կարողանանք այս հարցերին պատասխանել, կսկսենք բոլոր երևույթները օգտագործել ի օգուտ մեզ, ինչպես օրինակ՝ արեգակից, քամուց և ջրից ստացվող էներգիան։ Եվ հենց այստեղ է, որ աշակերտը սկսում է մտածել և զարգացնել իր վերլուծական գիտելիքները։ Դե իսկ հետո, բնականաբար, այն պրոեկտում է իր կյանքի վրա. ի՞նչ է տեղի ունենում իմ կյանքում, ինչո՞ւ է տեղի ունենում, և ինչպե՞ս է այն ազդում իմ շրջապատի վրա։ Այս հարցերին պատասխանելու դեպքում աշակերտը կսկսի իր կյանքում կատարվող ցանկացած իրադարձություն օգտագործել ի օգուտ իրեն. խնդիրներին նայելով որպես խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել, սխալներին՝ որպես փորձառություն, իսկ դժվարություններին՝ որպես հնարավորություններ։
Էներգիան ոչ մի տեղից չի առաջանում և ոչ մի տեղ չի անհետանում, այն մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի։ Ինչպես գիտենք, երբ մարմինը բարձրությունից բաց թողնենք, տվյալ կետում ունեցած պոտենցյալ էներգիան կփոխակերպվի հարվածի պահին ունեցած կինետիկ էներգիայի, որը շարժման էներգիա է։ Եթե փորձենք այս երևույթը ալիգորիկ կերպով բացատրել, ապա մեր պոտենցիալը` մեր միտքն է, մեր գիտելիքը և երբ այն մեր գլխից իջնում է դեպի սիրտ, այն չի կարող մեզ չստիպել շարժվել և գործել»։