«ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ»

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 
masters01.jpg

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ և գործում է 2021 թվականից ի վեր։  Այս ծրագիրը ուսանողներին տալիս է ուսուցչի որակավորում և Ուսուցիչ-առաջնորդի մասնագիտացում՝ առաջինն իր տեսակի մեջ Հայաստանում: 2022-ին ծրագրի առաջին 24 շրջանավարտներն ավարտել են ծրագիրը, և ևս 18 հոգի այժմ ընդգրկված են ծրագրում։ 

Մագիստրոսական ծրագիրը խարսխված է երկու հիմնարար հասկացությունների վրա՝ կրթական արդարություն և ուսուցչական առաջնորդություն։ Ծրագիրն օգնում է ավելի խորությամբ ուսումնասիրելու կրթական արդարության խնդիրը, մշակելու համապատասխան ռազմավարություններ և տեխնիկաներ ինչպես դասարանում, այնպես էլ դրանից դուրս լուծումներ գտնելու և կիրառելու նպատակով։ Մյուս կողմից՝ ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու առաջնորդություն հասկացությունը, զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, ինչպես նաև արժևորելու հավաքական առաջնորդության դերը համակարգային խնդիրների լուծման հարցում։ 

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Դասընթացը մշակված է որպես հեռակա ուսուցմամբ ծրագիր, որի տևողությունը մեկուկես տարի է: Ուսանողները կարող են մասնակցել ծրագրին հեռավար՝ օգտագործելով Moodle էլեկտրոնային ուսուցման հարթակը, որը հնարավորություն կտա միանալու դասերին ցանկացած վայրից: 

 ՆՊԱՏԱԿ

Մագիստրոսական ծրագրի նպատակն է ձևավորել ուսուցիչների նոր սերունդ, որը զինված կլինի մանկավարժական և առաջնորդական հմտություններով Հայաստանի դպրոցական և կրթական համակարգում փոփոխություններ կատարելու համար։ 

Ծրագիրը համադրում է տեսական գիտելիքները պրակտիկ փորձառության հետ՝ հնարավորություն տալով շրջանավարտներին դառնալու արդար կրթության գործուն ջատագովներ և դրական ազդեցություն ունենալու իրենց համայնքներում: Կենտրոնանալով համակարգային մտածողության վրա՝ մագիստրոսական ծրագիրը պատրաստում է հաջորդ սերնդի ուսուցիչների, որոնք առաջնորդելու են կրթական հիմնարար փոփոխություններ։

ՎԵՐՋՆԱԴՐՈՒՅՔՆԵՐ

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը ավարտելուց հետո շրջանավարտները կկարողանան.

Ձևավորել մանկավարժական գիտելիքների ուժեղ հիմք՝ ուսումնասիրելով լավագույն փորձը, գործնականում կիրառելով գիտելիքները, ռեֆլեքսիայի և հետադարձ կապի միջոցով ինքնակատարելագործվելով։ 

Տիրապետել դիզայն մտածողության գործիքակազմին` տեղայնացված փոփոխություններ առաջացնելով համայնքներում: Շրջանավարտները կունենան անհրաժեշտ գործիքներ և ռազմավարություններ՝ կրթական խնդիրները բացահայտելու և լուծելու համար։

Տեղայնացնել կրթական առաջնորդության և արդարության համընդհանուր միտումները՝ տեղի խնդիրներին արդյունավետ լուծումներ առաջադրելով։

Օգտագործել հետազոտական հմտությունները՝ միտված շարունակաբար զարգացնելու մանկավարժական և առաջնորդական պրակտիկան։ 

 

ՈՒՍՈԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ուսուցիչ-առաջնորդության մագիստրոսական ծրագիրը ներկայացնում է ուսումնական ծրագիր, որը ստեղծվել է «Դասավանդի’ր, Հայաստան»-ի և Երևանի պետական համալսարանի դասախոսների համագործակցությամբ: Ծրագրի մոդուլները կարելի է դասակարգել երկու կատեգորիայի՝ մոդուլներ, որոնք ամբողջությամբ մշակված են «Դասավանդի’ր, Հայաստան»-ի կողմից, և մոդուլներ, որոնք մշակված են Երևանի պետական համալսարանի կողմից։

«Դասավանդի’ր, Հայաստան»-ի
կողմից առաջարկվող համակցած և առանձին մոդուլներ

Կրթական հավասարությունը  և  երեխաների իրավունքները դպրոցում 

Այս մոդուլի շրջանակում ուսանողները ուսումնասիրում են կրթական հավասարություն, արդարակշռություն, արդարություն հասկացությունները, ինչպես նաև դասարանում արդարակշիռ դասավանդման սկզբունքները։


Ուսուցչական առաջնորդության զարգացում (համակցված)

Մոդուլը հիմնարար գիտելիքներ է ձևավորում կրթության ոլորտում առաջնորդության, դրա առանձնահատկությունների ու մեխանիզմների վերաբերյալ, նպաստում է, որպեսզի ուսանողների մեջ ձևավորվեն նշված մեխանիզմների կիրառման գործիմացություններ:


Ուսուցչական առաջնորդության մոդելները Հայաստանում

Մոդուլի շրջանակում ուսանողները ծանոթանում են ուսուցչական առաջնորդության մոդելներին և դպրոցաշինության ծրագրերի հրամայականներին՝ պատմական տարբեր համատեքստերում:


Համայնքի ազդեցություն 

Ուսանողները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու դիզայն մտածողության գործիքակազմը և այն կիրառելու համայնքային խնդիրների և հնարավորությունների վերհանման հարցում։ Մոդուլի ավարտին ուսանողները ներկայացնում են իրենց համայնքային ծրագրերի օրինակները։ 


Մասնագիտական արդի հիմնախնդիրներ (համակցված)

Մոդուլի շրջանակում ուսանողները ուսումնասիրում են ուսումնառության հիմնարար և արդի տեսությունները՝ դրանք կապելով իրենց մանկավարժական պրակտիկայի հետ։ 


Դասարանային մշակույթի ձևավորում (համակցված)

Ուսանողները ուսումնասիրում են դասարանային մշակույթի համատեղ ձևավորման գործնական տեխնիկաներ և սկզբունքներ, ծանոթանում են սոցիալ-հուզական ուսումնառության հիմնական սկզբունքներին և բաղադրիչներին։ 


Թեմատիկ պլանավորում և դասարանական գնահատում (համակցված)

Մոդուլի շրջանակում ուսանողները գործնականում ուսումնասիրում են թեմատիկ և դասի պլանավորման հիմնական մոտեցումները և սկզբունքները, ինչպես նաև դասարանական գնահատման տեսակները (հայտորոշիչ, ամփոփիչ և ձևավորող), գնահատման անցկացման և վերլուծության ձևերը։

 

 

ԵՊՀ-ի կողմից մշակված մոդուլներ

Ընդհանուր մանկավարժություն

Մոդուլի շրջանակում ուսանողները քննարկում և մեկնաբանում են ընդհանուր մանկավարժության նպատակը, խնդիրները, մանկավարժության հասկացությունները, հիմնական գիտաճյուղերը։


Տարիքային մանկավարժություն

Ուսանողները դիտարկում են այն հիմնախնդիրները, որոնք առկա են տարիքային մանկավարժության մեջ՝ ծանոթանալով տարբեր տարիքի երեխաների տարիքային, հոգեբանական և անհատական առանձնահատկություններին:


Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և դասավանդման նորարարական մեթոդներ
 

Ուսանողները սահմանում են «Կրթական ժամանակակից տեխնոլոգիաներ» հասկացությունը, մեկնաբանում են դասավանդման նորարար մեթոդները և կրթական ժամանակակից տեխնոլոգիաները։


Դասավանդման մեթոդիկա

Ուսանողները ընտրում են իրենց դասավանդման առարկային համապատասխան դասավանդման մեթոդիկա (օրինակ՝ անգլերեն, ֆիզիկա և այլն), որի շրջանակում ուսումնասիրում են իրենց առարկայի դասավանդման առանձնահատկությունները և մեթոդները։


Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում 

Այս մոդուլի շրջանակում ուսանողները ծանոթանում են տեղեկատվական տեխնոլոգիաներին մանկավարժության ոլորտում։ Մագիստրոսական մակարդակում ԵՊՀ ստանդարտ մոդուլ է։


Դիմելու ընթացակարգ

Մագիստրոսական ծրագրին կարող են դիմել ԵՊՀ-ի և այլ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման ձևերի` բակալավրիատի, մագիստրատուրայի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։

Մագիստրոսական ծրագիրը ՉԻ տալիս տարրական դպրոցի (դասվար) և ֆիզկուլտուրայի ուսուցչի որակավորում: