ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

 

Հայաստանում Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը (ՄՆԶԻ) 2019թ. կազմել է 0,776: Հայաստանը դիտարկվող 189 երկրների շարքում զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանում՝ չորրորդը՝ գերազանցելով միայն Ադրբեջանին: ՄՆԶԻ-ն բաղադրյալ ինդեքս է, որը ներառում է կյանքի միջին տևողության, կրթության հասանելիության և կենսամակարդակի ցուցիչները։ Չնայած 2019թ. ՄՆԶԻ-ի արժեքը 2018թ. համեմատ բարելավվել է, այդուհանդերձ, գրանցվել է դիրքի վատթարացում ինը հորիզոնականով: Ինդեքսի աճը 2018-2019թթ. ժամանակահատվածում կապված է առողջության և կենսամակարդակի ենթաինդեքսների բարելավման հետ: Հետևաբար, կրթությունը, որպես մարդկային ներուժի զարգացման ամենակարևոր և առաջնային միջոց, Հայաստանում շարունակում է մնալ մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետին պլանում։ 

Ըստ 2020թ. ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, երկրում գործում է 1,402 հանրակրթական դպրոց, որտեղ 2020-2021թթ. ուսումնական տարում սովորել է 399,300 աշակերտ, իսկ դասավանդել՝ 31,100 ուսուցիչ։ 

2020թ. դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18-ն է, իսկ նախնական հաշվարկով ներկայումս երկրում առկա է շուրջ 700 ուսուցչի կարիք, որից ավելի քան 30%-ը կազմում են բնագիտամաթեմատիկական և գիտատեխնիկական (ԲՏՃՄ) առարկաների մասնագետները։

Այս խնդիրը պահանջում է երկարաժամկետ, համախմբված և  համակարգային փոփոխությունների հայեցակարգ։ Կարևորագույն մեկնարկային քայլերից մեկն արված է. փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի շրջանակներում նույնպես առանձնահատուկ շեշտադրում է արված ԲՏՃՄ առարկաներ դասավանդող մասնագետների պակասը հաղթահարելու և խնդրին լուծում տալու առաջնահերթությունը: 

ԲՏՃՄ առարկաների կարևորությունը հասկանալու համար հարկավոր է դիտարկել, թե ինչ հմտություններ են դրանք զարգացնում, կրթական բովանդակությունից բացի։ 

Այսպիսով, հանրահաշիվ ուսումնասիրելիս երեխաները, բարդ փոփոխականներով խնդիրներին լուծումներ տալով, սովորում են խնդիրներին նայել տարբեր տեսանկյուններից, որն էլ խթանում  է նրանց քննադատական մտածողությունը և զարգացնում տարբեր իրավիճակներում արագ արձագանքման հմտությունը։ Երկրաչափություն ուսումնասիրելը երեխաներին տալիս է բազմաթիվ հիմնարար գիտելիքներ և օգնում է զարգացնել տրամաբանական, դեդուկտիվ ու վերլուծական դատողություններ կատարելու և խնդիրներ լուծելու հմտություններ: Ֆիզիկան խթանում է երեխաների  ստեղծագործական ունակությունների ձևավորումը՝ միևնույն ժամանակ զարգացնելով նրանց նորարարական մտածողությունը։ Կարող ենք եզրակացնել, որ այս և այլ ԲՏՃՄ առարկաների ուսումնասիրությունը հանգեցնում է ոչ միայն բուն առարկայի տիրապետմանը, այլև՝ մի շարք անձնային հմտությունների և կարողունակությունների զարգացմանը։ 

Ինչպես  «Ուխտագնացություն դեպի ուղեղ» գրքում ներկայացնում է հեղինակ Քրիստինե Սարգսյանը․ յուրաքանչյուր նոր հմտություն զարգացնելիս, մեր ուղեղում նեյրոնների մի ամբողջ նոր ցանց է ձևավորվում։ Այսինքն, հանրահաշվական և երկրաչափական խնդիրեր լուծելիս մենք մեր ուղեղում ձևավորում ենք նեյրոնների նոր ցանց։ Սա կարող ենք վերագրել յուրաքանչյուր հանրակրթական առարկա ուսումնասիրելու և յուրացնելու գործընթացին։ Ընդ որում, որևէ նոր հմտություն սովորելիս, օրինակ՝ ֆիզիկայի խնդիր լուծելիս կամ թեկուզ օտար լեզվով խոսելիս, երեխան իր ուղեղում ձևավորված նեյրոնների նոր ցանցի շնորհիվ է կատարում համապատասխան եզրահանգումներ կամ արտաբերում նոր բառեր։ Որքան հաճախ է երեխան կրկնում համապատասխան գործողությունը կամ բառը, այնքան ավելի հաճախ են էլեկտրական ազդակներն անցնում այդ հմտությունների համար նոր ձևավորված նեյրոնային ցանցի երկայնքով, և որքան հաճախ է այդ գործընթացը կրկնվում՝ այնքան ավելի է ամրապնդվում այդ նեյրոնային շղթան՝ նոր կայուն հմտություն ձևավորելով։ 

Մինչդեռ  հանրապետության մասշտաբով մենք ունենք հարյուրավոր դեպքեր, երբ երեխաները տարիներ շարունակ չեն ուսումնասիրում մի շարք առարկաներ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան, ինֆորմատիկան, աշխարհագրությունը և կենսաբանությունը հաճախ այդ չդասավանդվող առարկաների շարքում են։ Եկեք պատկերացնենք, թե ինչպիսի կրթական բաց են ունենում երեխաները՝ հնարավորություն չունենալով ուսումնասիրել այս առարկաները։ Տվյալ պարագայում խոսքը միայն առարկայական գիտելիքների մասին չէ։ Խնդիրը պետք է դիտարկել նաև վերլուծական և տրամաբանական կարողությունների զարգացման, դրանց կիրառության և աշխարհայացքի ձևավորման համատեքստում։

Հասկանալով դպրոցի հանգուցային դերը երեխաների կրթական գործընթացում՝ հանրակրթության ոլորտում շուրջ 10 տարի է, ինչ իր ակտիվ գործունեությունն է ծավալում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը։ Այս ընթացքում հիմնադրամը Հայաստանի և Արցախի գյուղական համայնքներ է գործուղել 400-ից ավել Ուսուցիչ-առաջնորդների, որոնցից շուրջ կեսը այս պահին էլ դասավանդում է Հայաստանի և Արցախի հեռավոր համայնքներում։ Միայն վերջին երկու տարիների ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համայնքներ է գործուղել ԲՏՃՄ ոլորտի մոտ 50 մասնագետ։ 

Այս տարի հիմնադրամը հանդես եկավ ևս մի նախաձեռնությամբ՝  կոչելով այն «Tech4Armenia»։ Վերջինիս շրջանակներում հիմնադրամը համագործակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ինչպես նաև ՏՏ ոլորտում առկա առաջատար ընկերությունների հետ։ Նախագծի շնորհիվ ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատող մասնագետները հնարավորություն կունենան պահպանելու իրենց ներկայիս աշխատանքը և միևնույն ժամանակ մասնակցելու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրին՝ համատեղելով մանկավարժական գործունեությունը իրենց հիմնական աշխատանքի հետ և գործուղվելով մարզային դպրոցներ։ 

Այս պահին էլ ընթանում են հավաքագրման ակտիվ աշխտանքներ։ Մեծապես խրախուսվում է ՏՏ և, ընդհանրապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների կողմից սոցիալական պատասխանատվության նկատմամբ բարձր գիտակցությունն ու դրա ստանձնումը։ Սա երկարաժամկետ ներդրում է նաև հենց ոլորտի ընկերությունների համար, քանի որ աշխատաշուկայում արդեն իսկ առկա է կադրերի լրջագույն պակաս։ Տեխնոլոգիաների շուկան աճում է արագ, սակայն նոր կադրերի վերապատրաստումը նույն արագությամբ չի ընթանում՝ պայմանավորված կրթության որակով և հնարավորությոնների անհավասարությամբ։ Այս ֆոնին կրթության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության մասին շարունակում են բարձրաձայնում են բազմաթիվ ընկերություններ։ Ժամանակն է նաև գործելու։ 

Այս համատեքստում կարևորագույն քայլերից մեկն արդեն իսկ արված է. ինչպես արդեն նշեցի, կառավարությունը ընդունել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի նախագիծը, որի շրջանակներում էլ «Հանրակրթության մասին» օրենքում բազմաթիվ բարեփոխումներ և լրացումներ են արվել։ Կարող ենք ասել, որ ներկայիս օրենսդրական տիրույթը կարող է պարարտ հող հանդիսանալ երկրում ստեղծված կրթական ճգնաժամը հաղթահարելու  համար։ Այնուամենայնիվ, այս գործընթացում հարկավոր է մասնավոր սեկտոր և ոչ պետական կառույցների ներգրավածությունը՝ խնդրին շուտափույթ լուծում տալու համար։ «Tech4Armenia»-ն կարող է լինել այն հարթակը, որին միանալով ընկերությունները կարող են իրենց ներդրումն ունենալ հանրակրթության թերևս ամենախնդրահարույց ճյուղի՝ բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդող մասնագետների ներգրավման գործում։

Հեղինակ ՝ ՀԵՆՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

 
 
Mik Kubelyan2