ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՆՔԻ ԷԿՈ ՍԵՆՅԱԿԸ | TUMANYAN COMMUNITY ECO PROJECT

 

Երբ երկու Ուսուցիչ-առաջնորդներ միավորում են իրենց ուժերը և համախմբում են իրենց աշակերտներին մեկ գեղեցիկ նպատակի և նախագծի իրականացման համար, ապա արդյունքը լինում է այնքան տպավորիչ և հիասքանչ, ինչքան Լոռու մարզի Թումանյան քաղաքում իրականացված համայնքային ծրագիրն է՝ ուղղված էկո իրազեկվածության բարձրացմանը։ 

Մայիսի 30-ին Թումանյան քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցավ էկո դասասենյակի բացման արարողությունը։ Այս նախագծի իրականացման համար իրենց ուժերը համախմբել էին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի երկու Ուսուցիչ-առաջնորդներ՝ կենսաբանության ուսուցչուհի Վարդ Խաչատրյանը և մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսան Օրդինյանը, ովքեր մեծ սիրով ու ջերմությամբ աշխատում են իրենց աշակերտների հետ ու նրանց սովորեցնում հոգ տանել շրջակա միջավայրի և իրենց համայնքի մասին։

Անհանգիստ լինելով իրենց գեղեցիկ համայնքի աղտոտվածության խնդրով՝ ուսուցչուհիներն իրենց աշակերտների հետ փորձում են բարձրացնել շրջակա միջավայրի մաքրության և պահպանության մասին իրազեկվածությունը։ Նրանք միասին ունեցան գաղափար ստեղծել մի միջավայր, որը կնպաստի և՛ տեղեկացվածության բարձրացմանը, և՛ ստեղծել միջավայր, որը կբարձրացնի աշակերտների տրամադրվածությունն ու մոտիվացիան իրենց աշխատանքներն ու խմբակները կազմակերպելու համար։ 

Դպրոցի տնօրենը աջակցեց մտահղացման իրականացմանը և տրամադրեց դասասենյակ, իսկ Դիակոնիա հիմնադրամը ապահովեց մտքի իրականացման ֆինանսավորումը՝ հիմնանորոգելով դասասենյակը։ Դիոկոնիա բարեգործական հիմնադրամը արդեն երկար ժամանակ գործունեություն է ծավալում Թումանյան համայնքում և իմանալով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի այս նախաձեռնության մասին, որոշում է աջակցել՝ օգտագործելով իրենց համայնքի ռեսուրսները։ Հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջանբազյանը պատմում է, որ Դիակոնիա հիմնադրամը  Թումանյան համայնքում գործող կարի արտադրամասին տեքստիլ արտադրանքի պատվեր էր տվել, բայց պայմանով, որ ստացված շահույթը տրամադրվելու է ծրագրի իրականացմանը։ Այդպես էլ եղավ։ 

Իսկ ATP հիմնադրամի համագործակցության շրջանակներում դպրոցում ձևավորվեց էկո ակումբ, որը սկսեց մասնակցել էկո սեմինարների և հետազոտություններ իրականացնել համայնքի հիմնախնդիրների բացահայտման համար։ Համայնքապետարանի հետ աշխատելով՝ ակումբի անդամները վիճակագրություն կազմեցին համայնքի էկոլոգիական վիճակի և աղբահանման մասին։ Ակումբի աշակերտներն այնուհետև սկսեցին սածիլներ տնկել, սովորել դրանց խնամքի մասին և կիսվել իրենց գիտելիքներով համայնքի բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց նորից մոտեցնել հողին ու զարկ տալ գյուղատնտեսական աշխատանքներին։ Ակումբի անդամներին սակայն անհրաժեշտ էր ֆինանսավորում, և այս հարցը նրանց լուծեցին ինքնաֆինանսավորվելու միջոցով և ստեղծեցին Step to Green փոքրիկ ձեռնարկատիրություն։ Սրա շրջանակներում աշակերտները ստեղծում են կավե փոքրիկ ծաղկամաններ, որում տնկում են շատ խնամք չպահանջող բույսեր, ծաղկամանին կցում փոքրիկ «անձնագիր» բույսերի համար, որը ներառում է տեղեկություն բույսի և դրա խնամքի մասին, և վաճառում են։ Նրանք ունեն իրենց էջերը սոցիալական հարթակներում և անգամ ընդունում են պատվերներ։ 


Այս հրաշք ակումբի անդամները նաև դրամաշնորհային փոքրիկ ծրագիր են շահել համայնքում թափոնների վերամշակման համար։ Այս փորձը նրանք կիրառել են նաև իրենց էկո լսարանը ստեղծելու մեջ և սեփական փորձով ցուց տալու, թե ինչպես կարելի է վերամշակել իրերը՝ աղբամանը նետելու փոխարեն։ Էկո լսարանի գույքի մեծ մասը և ծաղկամաննեի կեսից ավելին աշակերտները ստեղծել են հենց թափոններից։ 

Ուսուցիչ-առաջնորդից Վարդը նշում է, որ աշակերտների մեջ այս նախաձեռնության մասնակցությունը բազմաթիվ հմտություններ է զարգացնում՝ ժամանակակից աշխարհին պատրաստ մարդուն հատուկ ճկունություն, արագաշարժություն, համակարգված, ինտենսիվ ու արդյունավետ աշխատելու ունակություն, առաջնորդական հմտություններ։ 
Ուսուցիչ-առաջնորդը ձգտել է ճանաչել աշակերտներին, նրանց մոտիվացնել ու հավատ ներշնչել սեփական ուժերի հանդեպ, իսկ աշակերտները շատ մեծ ոգևորվածությամբ են մասնակցում աշխատանքներին և ներկայացնում իրենց նախաձեռնությունը, պատմում բույսերի մասին, ցույց տալիս իրենց դպրոցը ու դասասենյակի գեղեցիկ կահավորումը։

Ծրագրի երկրորդ հատվածը իրականացվել է Ուսուցիչ-առաջնորդ Սուսանի օգնությամբ։ Աշակերտների վառ երևակայության ու գեղեցիկ մտահղացումների շնորհիվ թափոններին երկրորդ կյանք տրվեց դասասենյակը կահավորելու համար։ Մաթեմատիկա առարկայից ստացած գիտելիքները նրանք օգտագործել են հաշվարկներ իրականացնելու թափոնների վերափոխման ընթացքում՝ սկսած բյուջեի հաշվարկներից, մինչև առարկաների մակերեսի հաշվարկում։ Աշակերտները ստեղծել են մի հիանալի սենյակ, որում առկա են վերափոխված հին կարի մեքնենաներ, խողովակներ, անիվներ, փայտյա պահարաններ․․․Աշակերտների երևակայությունն ու մանրակրկիտ աշխատանքը երևում է սենյակի ամեն մանրուքի ու դեկորացիաների մեջ։ Աշակերտները նաև դասասենյակում պահում են ձկնիկներ, կրիա, խամյակներ՞, թութակներ։ Կանաչ դասասենյակում բազմաթիվ բույսեր կան, և այն իսկապես բնության մի մասնիկ է դպրոցի ներսում։ Ուսուցիչները նշեցին, որ էկո սենյակը դարձել է բոլորի սիրելի անկյունը դպրոցում,և բոլորը սիրում են այդ դասասենյակում անց կացնել իրենց դասերը։ Այնտեղ նաև սեմինարներ, քննարկումներ, դասընթացներ և ակումբներ են կազմակերպվում։ 

Երկու ուսուցիչ-առաջնորդները և իրենց աշակերտները նշում են, որ ծրագիրը շարունակական է լինելու, և նրանք դեռ բազմաթիվ մտքեր ունեն կյանքի կոչելու։

 
Mik Kubelyan2