Posts tagged teachforlove
ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՄԱՐԶԵՐ | MENTAL ARITHMETIC EXPANDS ACROSS REGIONS
 

ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՄԱՐԶԵՐ

«Մենթալ թվաբանությունը հասնում է մարզեր» նախագիծը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի տարեց տարի աճող Շրջանավարտ-դեսպանների համայնքի ինքնակազմակերպման ու ծրագրերի իրականացման վառ օրինակ է դարձել։ Բացի այն, որ նախագծի միջոցով մեր համայնքների երեխաների համար առավել մեծ կրթական հնարավորություններ են ընձեռվում, այն նաև կամուրջ է հանդիսանում երկրորրդ տարվա Ուսուցիչ-առաջնորդների ու Շրջանավարտ-դեսպանների համագործակցության համար։ 

«Մենթալ թվաբանությունը հասնում է մարզեր» նախագիծը նաև հնարավորություն է ընձեռում 2-րդ տարվա Ուսուցիչ-առաջնորդներին կարիերայի զարգացման նոր ուղու ընտրության հարցում՝ ի դեմս մենթալ թվաբանության վերապատրաստված քոուչի։ 

Նախագծի շրջանակներում պարբերաբար անցկացվում են օլիմպիադաներ, որտեղ Հայաստանի տարբեր համայնքների աշակերտները փորձում են իրենց ուժերը և գրանցում նոր հաջողություններ։ Այս տարի օլիմպիադան անցակցվեց օնլայն ձևաչափով, իսկ մայիսի 18-ին կայացավ պարգեվատրման արարողությունը, որտեղ 7 հաղթած աշակերտ հրավիրվեց Երևան ու մրցանակ ստացավ։ 

Նշենք, որ «Մենթալ թվաբանությունը հասնում է մարզեր» նախագիծը գործում է արդեն երկու տարի։ Այս երկու տարիների ընթացքում նախագծով անցել է 100 աշակերտ։ Նախագծի մեջ ներգրավված են նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամից 4 Շրջանավարտ-դեսպաններ, ովքեր շարունակում են իրենց կարիերան մենթալ թվաբանության ոլորտում։

MENTAL ARITHMETIC EXPANDS ACROSS REGIONS

The 'Mental Arithmetic Expands Across Regions' initiative has emerged as a striking example of self-organization and the effective implementation of programs by the growing community of Alumni-Ambassadors at Teach For Armenia. This project not only enhances educational opportunities for children in our communities but also fosters collaboration between second-year Teacher-Leaders and Alumni-Ambassadors.

Additionally, the project offers second-year Teacher-Leaders the chance to embark on a new developmental journey under the guidance of coaches trained in mental arithmetic.

Olympiads are a regular feature of the initiative, allowing students from various Armenian communities to participate and achieve new heights. This year's Olympiad was conducted online, culminating in an award ceremony on May 18. During the ceremony, seven victorious students were invited to Yerevan to receive their prizes.

It is noteworthy that this project has been operational for two years, during which 100 students have participated. Furthermore, four Alumni-Ambassadors of Teach For Armenia, who specialize in mental arithmetic, continue to advance their careers through their involvement in the project.

 
ԵԹԵ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ՄԵԿԸ, ԿԱՐՈՂ ԵՍ ՆԱԵՒ ԴՈՒ
 

«Բարև ծըզ։ Ես Նանանում Հարությունյան, 15 տարեկան։ Ապրալում դրախտավայր Արցախում(ապրըլանելում), բայց լուխչուս հայտնի պատճառավ մհենգ կենումում Արարատի մարզի Սիս գյուղումը ու քինումում տղետ միջնակարգ շկոլը։

Ես սկսեցի Արցախից, որովհետև պատմությունս ընդհանրապես ու հենց այս պատմությունն էլ Արցախից է սկսել։
Արցախում 2021 թվականին մեր գյուղ էր գործուղվել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ- առաջնորդ Արման Ղազարյանը, ով դասավանդոում էր ՀԵՊ առարկան:

ԸնկերՂազարյանիհետ դասերից բացի հասցրինք նախագիծ իրականացնել,որիշրջանակներումկյանքիենք կոչել «Արահետդեպիապագա» ծրագիրը։

Հավաքել էինք թիմ, որի հետ սկսեցինք ուսումնասիրել գյուղի առավելությունները ու հնարավորությունները ու հանգեցինք նրան, որ գյուղում կարող ենք զարգացնել քայլարշավային տուրիզմը։ Մենք վերանորոգեցինք Նոր Աշանից դեպի Հին Աշան տանող ճանապարհը։ Տեղադրեցինք պաստառներ, ուղեցույցներ, ունեցանք նաև մեր արահետի բացումը։ Ամեն ամիս կազմակերպում էինք արշավներ։ 

Այստեղ ես ամեն օր վերանորոգեցնում եմՆորՆանայինդեպիՀինՆանա տանողճանապարհը։»

«Բարև Ձեզ։ Ես Նանան եմ, ապրել եմ ու դեռ ապրելու եմ Արցախում, բայց ինչպես վերևում ասացի՝ հիմա ապրում եմ Սիս գյուղում։ Ու հիմա «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի իմ ուսուցիչն արդեն Կարեն Հովնիկյանն է, դասավանդում է մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաները։

Նկատել եմ, որ կան հատկանիշներ, որոնք իմ երկու ուսուցիչներին էլ բնութագրում են։ Երկուսն էլ հանգիստ բնավորության տեր մարդիկ են, աջակցող են, օգնող։ Յուրաքանչյուրն էլ իրենց բնույթով, վերաբերմունքով տարբեր են, բայց միևնույն ժամանակ ունեն ուսուցիչ֊առաջնորդին բնորոշ հատկանիշներ։
Եվ որ ամենակարևորն է՝ երկուսն էլ իմ կյանքում ունեցել և ունենում են իրենց դերը։
Այդ դերը հաճախ հենց «կարողանալու» սահմանների բացահայտման մեջ է։

Երբ սկսեցի մասնակցել առաջնորդական ծրագրերի, հասկացա, որ ես կարող եմ իմ ձայնը բարձրացնել ու լուծում տալ իմ շրջապատի խնդիրներին, որոնց լուծումը ինձնից է կախված, ու եթե շատերը մտածեն այսպես, ապա կկարողանանք զերծ մնալ հետագա խնդիրներից։ 
Իմ առաջին առաջնորդական ծրագիրը, որին ես մասնակցել եմ եղել է SVA (Student Voice Accelerator), որը կազմակերպվել էր Teach For All-ի կողմից, դե իսկ ծրագրի մասին ինձ տեղեկացրել էր «Դասավանդի՛ր, Հայաատան»-ի իմուսուցիչը՝ ընկեր Հովնիկյանը։

Կարող եմ ասել,որ այս ծրագիրը ինձ հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչելու ինքս ինձ , հասկանալ՝ ինչպես կարող եմ ձայն բարձրացնել խնդրի շուրջ ու տալ լուծում։ Այս ծրագիրը խթան հանդիսացավ այլ ծրագրերին մասնակցելու համար։

Ես նոր լեզուներ եմ սիրում սովորել, հիմա առավել կենտրոնացած եմ անգլերենս բարելավելու վրա, միշտ իմացել եմ, որ կարևոր է սովորել անգլերեն, հիմա՝ առավել ևս, քանի որ մի շարք անգլալեզու ծրագրերի եմ մասնակցում։

Մասնակցածս ծրագրերից ամենասիրելին «Rise» ծրագիրն է։ 

Ես ընտրել եմ տեղական խնդիր՝ աշակերտների միջև ավելացնել շփումը ու դրան զուգահեռ նրանց տալ նոր գիտելիքներ: Ամեն ամիս, 1 անգամ դպրոցում իրականացնում ենք վեբինար տարբեր թեմաներով՝ մասնակից աշակերտների հետ համատեղ։
«Rise»-ի հայտը ուղարկել եմ ու սպասում եմ պատասխանի, 500 թեկնածու կա, որից՝ 100 հաղթող է լինելու։ Նախկինում նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ ես՝ Աշան գյուղից 15 տարեկան աղջնակս, կարող եմ մի օր համարձակություն ունենալ ու այսպիսի գործունեություն ծավալել։
Պարզվում է՝ միայն ինձ համար չէ զարմանալի՝ խմբակի աշակերտներից մեկը զարմացավ, երբ իմացավ, որ 15 տարեկան եմ ու բացել եմ ակումբ։

Բայց իրականում տարիքը կարևոր չէ, ուղղակի պետք է հասկանալ, թե երբ է լինելու քո հերթը ու ձգտել դրան։ 

Ես գիտեմ, որ դժվար է նոր տեղում դրսևորվել, բայց իմ հասակակիցներին խորհուրդ կտամ չվախենալ փորձություններից, չվախենալ նոր վայրերում ինքդներդ ձեզ բացահայտելուց, ու վստահ լինել ու հավատալ սեփական ուժերին։
Ես ինքս վախենում էի դուրս գալ իմ շրջանակներից, որոնք ինձ ոչ թե պաշտպանում, այլ սահմանափակում էին։ Իսկ հիմա խորհուրդ եմ տալիս նույնը բոլոր երիտասարդներին, ում մեծերն ասում են՝ «մեր ապագան», մեզ՝ ամեն ինչ իր դժվարություններն ունի, սակայն անհնարին չէ դրանց հաղթահարումը։
Ձեզ բացահայտեք նորովի ու կտեսնեք, որ այսքան ժամանակ ձեր հնարավորությունների կեսը նույնիսկ չեք օգտագործել։
Եթե կարողացել է մեկը, կարող ես նաև դու։»
Հարցազրույցն իրականացրեց և գրի առավ Ուսուցիչ-առաջնորդ Էլեն Դավթյանը





Հարցազրույցն իրականացրեց և գրի առավ
Ուսուցիչ-առաջնորդ Էլեն Դավթյանը
Զանգակատուն համայնք, Արարատի մարզ

 
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ...
 
 

Ուսուցիչներն այն մարդիկ են, ովքեր ամենից հաճախ ու ամենից շատ են մտածում, թե ինչ են սիրում այն մարդիկ, ում հետ իրենք են աշխատում։ 

Իսկ ի՞նչ են սիրում հենց մեր Ուսուցիչ-առաջնորդները. այս հրապարկման մեջ մեր տարբեր համայնքների ուսուցիչներ պատասխանել են մեկ հարցի՝ «Ի՞նչ եք սիրում»։

Ստորև ներկայացված են պատասխանները՝ առանց անունների և առանց խմբագրման։

 
 

***

Ես սիրում եմ աշակերտներիս համար այն յուրահատուկ, հատուկ մեկը դառնալու, լինելու զգացողությունը։ Երբ իրենց ձեռքբերումներով առաջինը քեզ հետ են ցանկանում կիսվել, երբ պատմում են իրենց մանկությունից, վախերից, բարդույթներից, երբ սիրահարվում են ու վառվող աչքերով պատմում են իրենց սիրո մասին, երբ նկարում են իրենց հավաքած փազլները և ուղարկում,որ տեսնեմ, երբ Ամանորի գիշերը զանգում են ու շնորհավորելուց հետո միանգամից պատմում, որ Գարիկ Պապոյանին տեսել են սուրճ խմելիս, սպասել են, որ սուրճ խմելն ավարտի ու խնդրել, որ նկարվեն։ Սիրում եմ, երբ խորհուրդ են հարցնում գրքերից, հետո խնդրում են, որ կարդամ իրենց համար, երբ սովորում ու համակերպվում են, որ անընդհատ նկարում եմ, չնայած՝ նկարվել չեն սիրում, երբ նամակներ են գրում ինձ, երբ վազում են փաթաթվելու ու գրկելու, երբ պատմում են իրենց երազանքներից, երբ երազում ենք միասին․․․․․ Միգուցե ձեզ մանրուքներ թվան, բայց ես համոզված եմ, որ սերը մանրուքներում է, որ նկատվում է։

 
 

***

Ես սիրում եմ մանկանալու և նորից երազելու հնարավորությունը։ Դպրոցը ոչ միայն գիտելիքների դարան է, այլև աշակերտների հուշերի և երազանքների պահուստ, որտեղ տարին տարվա վրա ավելանում են նվիրական երազանքները։ Վերադառնալով դպրոց՝ հնարավոր է վերհիշենք հեռու օրերում մնացած երազանքները կամ գտնենք նորերը։ Դպրոցի առօրյան ինձ տվեց վաղուց մոռացված մի զգացում ` պատկանելիություն և ներգրավվածություն։ Դասավանդելիս բացահայտում եմ ինձ համար նոր մտքեր, որոնք չէի նկատել սովորելու ընթացքում և բացում եմ մաթեմատիկայում դռներ, որոնք չէի բացել։ Օրվա փոքրիկ մանրուքները դարձնում են մեզ իրապես երջանիկ։ Ես սիրում եմ այդ երջանկությունը։

***

Սկսել եմ դպրոցի լռությունը սիրել․․․․առաջ պատասխան կունենայի։

 
 

***

Սիրում եմ երեխաներին զարմացնելը, նոր գիտելիք տալը։ Սիրում եմ դիտել իրենց հիացմունքը, երբ հասկանում են, որ իրենց հեռախոսներով, պլանշետներով ևս կարելի է դաս անցկացնել ու գիտելիք ստանալ։ Սիրում եմ աշակերտներիս հետ ընկերանալը, երբ կարողանում ենք վստահել իրար, ստեղծել նորը, լավը։

 
 

***

Որպես ուսուցիչ՝ ես իմ մեջ սիրում եմ առաջինն աշակերտներիս իմը, իմ մի մասնիկը համարելը, նրանք բոլորը` անկախ տարիքից, բնավորությունից իմ երեխաներն են։

Սիրում եմ իմ մեջ նրանց մասին հոգ տանելը, նրանց տարբեր հանգամանքներում ցույց տալը, որ մարդկային հատկություններից, որակներից վեր աշխարհում ոչինչ չկա։

Սիրում եմ, երբ բարկանում եմ, մեկ-մեկ՝ ընկճվում, բայց անսահման կարոտ եմ զգում հետո թե՛ նրանց և թե՛ իմ աշխատանքի հանդեպ։

Ես սիրում եմ իմ օբյեկտիվությունը և դրանով հանդերձ միշտ երեխաներիս փորձում սովորեցնել, որ պետք է արդարացի կերպով կարողանանք վերլուծել ինքներս մեզ ու մեր արարքները։

Ես սիրում եմ ինձ դպրոցում, որովհետև ես երեխաներիս հետ այն եմ, ինչ կամ իրականում՝ առանց ավելորդությունների ու ձևականությունների։

 


Շարքը պատրաստել և Ուսուցիչ-առաջնորդների
սրտի խորքերն է թափանցել Ուսուցիչ-առաջնորդ
Անահիտ Բդոյանը
Արաքս գյուղ, Արմավիրի մարզ

 
ԵՌԵՐԳ. ՑՈՒՐՏ ՕՐԵՐԻ ՏԱՔ, ՏԱՔ ՕՐԵՐԻ ՑՈՒՐՏ ՀՈՒՇԵՐ
 

Վազգենաշեն

Առաջին աշխատանքային օրն է խանութում։ Ես՝ բանասիրության ֆակուլտետի մի միամիտ շրջանավարտ (միամիտ, որովհետև կարծում էի, թե համալսարանում լավ սովորած լինելն ու նվիրումը հենց այնպես դպրոցի դռներ պետք է բացեին իմ առջև), ես՝ միաժամանակ մի երազկոտ աղջիկ, ով, բախվելով իրականությանը, հուսահատ գնացել է խանութ, որտեղ նախքան աշխատանքի անցնելն ու անցնելու վայրկյանից էլ՝ փնթփնթում էի  քթիս տակ՝ ինձ համարելով տվյալ աշխատանքին անհամապատասխան, իմը չգտած։
Անվերջ բողոքների ու կռիվների մեջ էի, երբ չանցած կես ժամ՝ զանգ եմ ստանում, թե այսինչ գյուղում Հայոց լեզվի ուսուցչի թափուր հաստիք կա։ Ժամաքանակն այնքան էր, որ կկարողանայի համատեղել մագիստրատուրայի հետ՝ պահելով անվճար ուսուցումը։ Իմ պատասխանը՝ գալիս եմ՝ առանց իմանալու, թե որ գյուղն է, ինչպես եմ գնալու աշխատանքի, արդյո՞ք մնալու տեղ կունենամ և այլն․․․ Այդ պահին ոչնչի մասին չէի մտածում, որովհետև ես գնում էի մանկությանս երազանքն իրագործելու։ Կես ժամ տևած աշխատանքիս աղմկոտ շեշտով հաջողություն ասացի, հրաժեշտ տվեցի նոր և կեսժամանոց գործընկերներս  ու թռվռալով դուրս եկա, չգիտեմ՝ դեպի ուր։

Իմ փնթփնթոցները հասել էին Աստծուն։

Այդ օրը մի կերպ հասա գյուղ՝ Աշան, ծնողներիս հետ խոսեցի, և նրանց հավանությունը չստանալով՝ ավելի հաստատակամ դարձա որոշմանս մեջ։

Գյուղը, որ պետք է հավերժ դաջվեր իմ սրտում, ԱՀ Մարտունու շրջանի Վազգենաշենն էր՝ Ակնայի(Աղդամ) հարևանությամբ։ 1992-ին ազատագրվելուց հետո 2000-ականներին վերաբնակեցվել էր  տարբեր բարբառներ, ավանդույթներ կրող հայերով, և դրանով կարծես մշակութային խճանկար լիներ։ 

Հաջորդ օրն իսկ գնացի Վազգենաշեն, որի մասին մինչ այդ որևէ մեկից դրական ոչինչ չէի լսել։ Ջերմ դիմավորեցին ու ․․․ հաջորդ օրվանից աշխատանքի էի։ Շշմել էի։ Այդքան շո՞ւտ։ Բա ինչպե՞ս պիտի առավոտները հասնեմ դպրոց։ Բա՞․․․, բա՞․․․, բա՞․․․ Հերթով բախվում էի այն բոլոր հարցերին, որոնց մասին նախապես չէի մտածել։ Ու լավ է, որ չէի մտածել։ 

Գյուղում կիսավեր տուն կար։ Ինչպես գյուղում էին ասում, տունը կրիմինալ թաղամասում էր՝ շրջապատված դատվածություն ունեցող հարևաններով։ Այնտեղ 2 ամիս պետք է կիսաքուն լուսացնեի գիշերները, մինչ մի օր զանգ կստանայի գյուղապետից, որ պետք է ազատեմ տունը, որովհետև այլ տեղից մարդիկ են գալիս գյուղում աշխատելու, և ապրելու են այդտեղ։ Հարազատներիս կողմից հերթական անգամ քննարկման դրվեց իմ՝ աշխատանքից դուրս գալու հարցը։ Եղբայրներս չէին կարող ապահովել իմ ամենօրյա գնալ-գալը, գյուղում էլ մնալու տեղ չունեի։ Բայց այդքան հեշտությամբ ոնց կարելի էր հետ կանգնել երազանքից։

Հերթական անգամ օգնության հասավ Բարձրյալը․ ուսուցիչներից մեկն առաջարկեց ապրել իրենց տանը։ Առանց երկմտելու համաձայնեցի, ինչքան էլ իմ էությանը հակառակ լիներ որևէ մեկի «ձեռքի տակ ապրելը»։

3 տարի ապրեցի, աշխատեցի Վազգենաշենում։ Այնքան էի կապվել գյուղին, մարդկանց, որ ինձ գյուղացիներին հավասար վազգենաշենցի էի զգում։ 

2020։ 

Հանձնվեց Վազգենաշենը։

Վազգենաշենում մնաց երազկոտ մեկը, ով մատյանը ձեռքին թռվռալով դասարան էր մտնում, ով աշակերտներից շատ էր սպասում դասամիջոցի զանգին, որ արագ իջնի բակ ու աշակերտների հետ վոլեյբոլ խաղա (հաճախ՝ գրազով)։ Մնաց մեկը, ով հաճախ այնքան ինքնամոռաց էր աշխատում, որ չէին նկատում կենդանի գոյությունը և փակում էին դպրոցի դուռը՝ թողնելով մենակ։ Եվ եթե այդ մեկը մանկությունից քարշ տված և հասուն տարիք բերած վախը չունենար (վախ մահացած մարդկանց հոգիներից), հաստատապես կգիշերեր դպրոցում։ Այդ մեկն իրեն գտել էր սարերում, անտառներում՝ կա՛մ խարույկահանդեսի համար ցախ հավաքելիս, կա՛մ ուրցով թեյը ձեռքին խարույկի մոտ նստած՝ աշխարհը նվաճելու խենթ մտքերով (ուրցը իր աշակերտների հետ սարերից էր հավաքել)։

Վարագույրը փակվեց։

Ստեփանակերտ

2. Այդ երազկոտ մեկին ճակատագիրը տարավ մեկ այլ դպրոց։ Մտնում էր դասարան ու Վազգենաշենի իր աշակերտներին փնտրում, սպասում զանգին, որ իջնի բակ՝ խաղալու, հաճախ շփոթում աշակերտների անունները, գյուղի աշակերտների անունները տալիս, երբեմն չարանում, թե ովքեր են իր առջև նստածները և ինչու են փոխարինելու եկել իր հարազատներին։ Այդ մեկն այլևս ուրիշ էր՝ դավին անտեղյակ, ցավին անտարբեր։ Այնքան ժամանակ, մինչև մոլորված գտան Վազգենաշենի անտառներում և պոկելով գետնից՝ մեծ դժվարությամբ վերադարձրին  նոր իրականություն՝ Ստեփանակերտի հ․ 3 միջնակարգ դպրոց։ Սպորտային կոշիկներով սարերում, անտառներում թռվռացող աղջկա կոշիկներին փոխարինելու եկան բարձրակրունկ նրբաճաշակ կոշիկները։ Քաղաքում, մայրաքաղաքում։

Այդ երազկոտը ես էի։ 

Էի․․․

Ներքին բախումներով, պատերազմներով վերագտա ինձ։ Ժամանակի ընթացքում վերադարձավ թռվռալով դասարան մտնող ու աշակերտներից շատ զանգին սպասող ես-ը, որն աշակերտների ընկերը պետք է դառնար վերջում։
Հեշտ չէին ժամանակները, վերադարձ Արցախ, 2021, 2022, 2023. միասին կիսեցինք լավ ու վատ օրեր։ 

Դժվարություններից համատեղ ջանքերով պատվով դուրս գալու լավագույն օրինակը շրջափակման ընթացքում աշակերտ-առաջնորդներիս հետ ՓՀՈւ իրականացնելն էր, երբ արդեն չկային անհրաժեշտ սարքավորումներ, գործիքներ, նյութեր, անգամ գրենական պիտույքներ չկային։ Մենք ձգտում էինք դպրոցում մեծ տարածում ունեցող լեզվական սխալները վերհանել և լեզվի արահետ հիմնել, որի պաստառները պարբերաբար փոխելով  և վերջիններիս արդյունքները ամփոփելով՝ նպատակ էինք հետապնդում նվազագույնի հասցնել լեզվական սխալները։
Այդ պայմաններում ՓՀՈւ իրականացնելը մեզ համար ոչ փոքր հաջողություն  էր, որը պետք էր նշել՝ աշակերտներիս ավելի ոգևորելու համար։ Բայց ինչպե՞ս։ Չէին աշխատում սրճարանները, ռեստորանները, խանութներն էլ՝ կիսադատարկ։ Բայց մենք մենք էինք, շրջափակումն ի՞նչ էր, որ ընկճվեինք ու մեր նախագծի բացումը չանեինք։ Ամեն մեկս տան եղածն ի մի բերեցինք ու նշեցինք մեր հաջողությունը։

ՓՀՈւ՝ փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն, որին ծանոթացել եմ  «Դասավանդիր, Հայաստան»-ի  ուսուցիչ-առաջնորդների շարքերում հայտնվելու  շնորհիվ։ Մշտապես սիրում եմ ասել, որ եթե կյանքում նույնիսկ մեկ ճիշտ որոշում կայացրած լինեմ, ապա դա, վստահաբար, «Դասավանդիր, Հայաստան» ծրագրին դիմելն ու վերջինիս շարքերում հայտնվելու ձգտումն է։ «Դասավանդիր, Հայաստան»-ին դիմելը նոր բացահայտումների հետևից գնալու պահանջ էր։

Արդեն որպես «Դասավանդիր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ պետք է իրականացնեի հայոց լեզվի և գրականության ուսուցումն այս արդեն ոչ այնքան նոր  դպրոցում։ Շրջափակված Արցախում ուսուցում իրականացնելը գերմարդկային ճիգեր էր պահանջում հատկապես ուսուցչից, որովհետև հուսահատվելու, հույզերդ, ներքին վախերդ, անհանգստությունդ ցույց տալու իրավունք չունեիր․ ավելին՝ պետք է ժպտայիր, որովհետև քո դեմքին էին նայում գուցեև շատ բան չհասկացող երեխաներ, որոնց համար քո ժպիտը հուսադրող կարող էր լինել։ Չէիր կարող դիտողություն անել դասից ուշացող աշակերտին, որովհետև հացի հերթում էր։ Չէիր կարող հանձնարարություն տալ, որովհետև աշակերտներից շատերըը թերսնուցման պատճառով չունեին այն էներգիան, որը պիտի սպառեին հանձնարարությունը կատարելիս։ Չէիր կարող աշակերտի աչքերին նայել, որովհետև որպես ավագ սերնդի ներկայացուցիչ՝ մեղավոր էիր զգում իր զրկանքների համար։ Չէիր կարող դասի ընթացքում մեկ րոպե անգամ լռել, որովհետև այդ ընթացքում աշակերտը կարող էր հարց տալ իրադրության հետ կապված, ու դու չունենայիր էդ հարցի պատասխանը։ Չէիր կարող աշակերտին ստել, բայցև չէիր էլ կարող նայել քեզնից պատասխան ակնկալող աչքերին ու ասել, որ նա վաղը, մյուս օրը, մյուս-մյուս օրերն էլ է կիսաքաղցած դասի գալու։ Խավարն ավելի էր թանձրանում։

Ստեփանակերտում ես մենակ էի ապրում։ Եվ սիրում էի իմ տանն ունենալ պետքական ամեն ինչ՝ անկախ նրանից՝ կօգտագործեմ, թե ոչ։ Այդ իսկ պատճառով ես շատ բան ունեի իմ տանն այն ժամանակ, երբ խանութները դատարկված էին։ Սիրով կիսում էի դրանք հարևանների հետ, բայց կար մի բան, որ ինչքան էլ կարիքն ունենայի, չէի ուտում․ պահում էի ուրիշների համար։ Պայուսակիս մեջ մշտապես կոնֆետներ էի պահում, որ եթե, Աստված մի արասցե, մեկը վատանար, տայի իրեն (բարեբախտաբար, կոնֆետները մնացին պայուսակիս մեջ)։

Սեպտեմբերի 19-ը հերթական օրն էր շրջափակված Արցախում։ Նորաթուխ դասղեկ էի 40 հոգանոց դասարանում և ամենայն պատասխանատվությամբ էի մոտենում գործիս։ Մեկ-մեկ բոլորին ճանապարհում էի տուն, հետո Մուրադի դեմքով գնում ուսուցչանոց։ Այդ օրը չէի հասցրել մտնել ուսուցչանոց, երբ պայթեց երկինքը։ Աշակերտները նոր էին դուրս եկել դպրոցից, ու ոչ մեկը հաստատ տուն հասած չէր լինի։ Քաոսի մեջ ամեն մեկս փնտրում էինք մերին, չնայած այդ պահին  իմ ու քո չկար․ որ աշակերտը վախեցած էր, գրկում էի, քաղցր բառեր ասում՝ բալաս, ջան, ցավըտ տանիմ․․․ Իսկ այդ ժամանակ բոլորն էին վախեցած՝ փոքրից մեծ, որովհետև զգում էինք վերջը։

Հ․Գ․ Երբևէ աշակերտի քաղցր բառ ասած չկայի, ինչքան էլ սիրալիր լինեի հետները։ Ու ինքս ինձ հարց էի տալիս՝ բա լավ, էս քաղցր բառերի տակից ես  ո՞նց եմ դուրս գալու, երբ որ դասի գնանք։ 

Երանի հավերժ ասածս քաղցր բառերի ծանրության տակ մնայի։

Հացավան

Դպրոց է մտնում մեկը ու ․․․ Բարև ձեզ, ես Հեղինարն եմ։ Իսկ նախքան 2023թ․ այդ մեկը վստահաբար կներկայանար՝ Ես Հեղինարն եմ Արցախից։ Ու սա կասեր անչափելի հպարտությունից կայծկլտացող աչքերով։  Դադարել եմ այդպես ներկայանալ ոչ այն պատճառով, որ ինձ էլ արցախցի  չեմ համարում։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Այլ այն պատճառով, որ սեպտեմբերից հետո Արցախ անունն արտաբերելուն արժանի չեմ համարում ինձ, որ արցախցի լինելու պատվին արժանի չեղա, որ չարդարացրի երկրիս սպասելիքներն ինձնից՝ իրեն մենակ չթողնելու։ 

Թողեցի․․․

Ամենակարևորից բացի Արցախում թողեցի նաև ինձ՝ ՀՀ հետս բերելով անծանոթ մեկին, (գուցե ավելի ուժեղ մեկին, բայց ոչ ինձ)։

Կամքի ուժ գտնելով՝ աշխատանքի անցա Հացավանում՝ գիտակցելով, որ սիրած գործով զբաղվելը, աշակերտների հանդեպ ունեցած սերը չխենթանալու և հոգու խավարը ցրելու լավագույն միջոցն են (բազմիցս փորձված և օգնած միջոց)։ 

Կոտայքի մարզի այս գյուղ՝ Հացավան ոտք դնելու առաջին իսկ պահին գյուղական միջավայրը, մարդկանց անմիջական շփումն ինձ մտովի տարան Վազգենաշեն։ Իմ առաջին ուսուցչական կանգառ։ Ու Հացավանում ես փոքր-ինչ Վազգենաշեն գտա, ինչն էլ ջերմացնում է իմ՝ կարոտից սառած, կարոտից սառչող հոգին։



Հեղինակ՝
Ուսուցիչ-արաջնորդ՝
Հեղինար Գրիգորյան
Հացավան գյուղ, Կոտայքի մարզ

 
Mik Kubelyanteachforlove, 2
ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՎԱՍԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
 


Առավոտյան բոլորս սրտատրոփ սպասում էինք երեխաներին, իսկ ժամացույցը չէր շտապում ազդարարել դասի սկիզբը։
Մենք՝ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, դպրոցի բակում հավաքված՝ փուչիկներն ու դրոշակները թափահարելով՝ դիմավորում էինք դպրոց ներս մտնող երեխաներին ու նրանց հարազատներին։ Տնօրենը ողջույնի ոգեշնչող խոսքեր էր ասում, հնչեցնում աշակերտների անունները, դասարանը և դասղեկների անուները։ Ժպիտի ոչ մի ծալք չէր նշմարվում հավաքվածների երեսներին։
Սա սովորական ուսումնական տարեսկիզբ չէր, սեպտեմբերի մեկ չէր, հոկտեմբերն էր, իսկ աշակերտներն, ում համար կազմակերպել էինք տարվա երկրորդ Գիտելիքի օրը՝ արցախցի երեխաներն էին։

Մեկ օր առաջ, երբ տնօրենը խորհրդակցություն հրավիրեց և տեղեկացրեց, որ հաջորդ օրվանից մեր դպրոց են հաճախելու արցախցի աշակերտներ, առաջարկեցի՝ Գիտելիքի օրվա պես դիմավորենք երեխաներին՝ փուչիկներով, դրոշակներով ու ժպիտով, ով գիտե՝ քանի օր են հասցրել զգալ, որ դպրոցական տարին սկսվել է…
Ժպիտի նշաններ, ինչպես ասացի, չկար փոքրիկների ոչ դեմքին, ոչ աչքերում։
Նրանց նոր դասղեկները հերթով մոտենում ու գորովանքով բռնում էին իրենց նոր աշակերտի ձեռքն ու ուղեկցում դասարան։

Արցախի կորուստը նոր փորձությունների շրջափուլ էր ու իմ դասավանդման մեջ փոփոխությունների մի նոր սկիզբ։

Ես ևս մոտեցա ու գրկեցի իմ աշակերտուհուն, ով երկրորդ դասարանի սան է։ Ծանոթացանք.
—Որտեղի՞ց ես եկել,- հարցնում եմ։
—Ղարաբաղից,- ասում է, երևի մտածում է, որ բնակավայրով չեմ տարբերի։
—Լա՞վն է մեր դպրոցը, - հարցնում եմ, լռում է։
Հասանք դասարան, որտեղ արդեն երեխաները մեզ դիմավորեցին ծափերով, փուչիկներով ու դրոշակներով։ Անհանգիստ էի՝ ինչպես կհարմարվի աղջիկը նոր դասարանին։ Մի քանի օրից դասամիջոցին նկատեցի, որ իր նոր ընկերներին ցույց է տալիս իր նոր իրերը՝ տետր, պայուսակ, և փայլուն ու մեծ աչուկներով ժպտում է։

Անցան օրեր։ Մեր դասարան եկան ևս երկու արցախցի աշակերտ. մի տղա, հետո էլի մի աղջիկ։

Տղան դժվար էր հարմարվում, ընդհանրապես չէր խոսում։
Զրուցեցի մայրիկի հետ, ասաց, որ կխոսի երեխայի հետ։
Հաջորդ օրը պատմեց՝
« Ասում եմ՝ Կամո՛, ինչու՞ չես խոսում դասերի ժամանակ, չես պատասխանում հարցերին։
Երեխաս տխուր նայում է ինձ՝ 

–Վախումըմ մեր լյուզուն մննաս քցիմ(վախենում եմ մոռանալ մեր լեզուն)։ 

Էլ ի՞նչ ասեի նրան, ընկեր Ասատրյան…»

Այս դեպքն ինձ հանգիստ չէր տալիս, գիտեի, որ պարզապես համոզելով չի ստացվելու, այլ, նոր բան է պետք։
Այս մտքերով էի, երբ մասնակցեցի «Դասավանդի՛ր, Հայաստանի» ու ԿԻՔՆ նախաձեռնության կողմից իրականացվող «Արտակարգ իրավիճակային կրթություն» ֆոկուս- խմբային քննարկմանը։
Դեռ ճանապարհին մտածում էի՝ տեղում է պետք անել ամեն ինչ, գործել է պետք։ Ապահովել հավասար (=) կրթությունը բառեր չեն, հիմա է ժամանակը։

Չորրորդ դասարանում ևս արցախցի աշակերտներ ունեմ՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ Տղան ի սկզբանե շատ ակտիվ էր, կոմպլեքսներ չուներ։ Աղջնակը չէր խոսում ու անընդհատ խուսափում էր դաս պատասխանելուց։ Ու դա ոչ միայն իմ դասաժամին էր, այլ մնացած բոլոր դասերի ընթացքում։ Արցախցի երեխաներին խնդրեցի, որ իրենց ծնողների կամ ավագ քույր-եղբայրների հետ Արցախի բարբառով բառեր գրեն և նշեն գրական հայերենով բացատրությունը։
Հենց այդպես՝ ծնող, աշակերտ, ուսուցիչ համագործակցությամբ էլ դասարաններում ստեղծեցինք «Բարբառը մեր հարստությունն է »  խորագրով պաստառը։ 

Դասամիջոցներին երեխաները մեկը մյուսին սովորեցնում են բարբառային և գրական բառերը, զվարճանում են, իրենց սիրելի խաղն է դարձել։
«Բարբառը մեր լեզվի հարստությունն է», - գոչում են թոթով լեզվով, բայց մեծի պես։
Ալինան պատմում է, որ, երբ պաստառի վրա գրում էին բառերն իրենց համարժեքներով, արցախցի Սեդան ուղղել է՝ «ը» տառն էլ պետք է գրել «ձմեռ-ծըմեռնը» բառազույգի դեպքում, որ ճիշտ արտասանենք։
—Ընկեր Ասատրյան, բառազույգերից իմ ամենասիրածը «վատ եմ-փիսում»-ն ա, ասում է Քնարիկն ու Սեդայի հետ ծիծաղում են։
Մերին ասում է՝ «Ես գիտեմ, որ մեզ մոտ ամյալա կյամ ամեն ինչ»։
Ես էլ գիտեմ, որ «ամալ ա կյամ», ու հենց այդ վստահությամբ եմ հաճախ իմ շատ աղքատիկ արցախյան բառապաշարով արձագանքում երեխաների հարցերին. այդ պահերին սիրտս լցվում է արցախցի աշակերտների աչքերի փայլից։ Մի բառ, ու երեխաներն ասես ավելի շատ են իրենց իրե’նց հայրենիքում զգում։

Հիմա, երբ հետ եմ նայում, այս փոքրիկ հնարներով մի քանի խնդիր լուծեցինք։
Արցախցի աշակերտներս այժմ ազատ ու անկաշկանդ շփվում են դասընկերների հետ, փորձում են ակտիվ լինել դասերին։ Մյուս երեխաներն էլ նոր բարբառ են սովորում, ավելի ընկերասեր, ապրումակցող են դարձել։  Նույնիսկ դասընկերների անզգույշ ակնարկների դեպքում դիտողություն են անում։ Վերջերս, երբ  Սեդան պատմում էր դասը և «կաթի վրա ջուր էր լցնում»-ի փոխարեն ասաց «կաթի վրա ջուր էր ածում», դասընկերներից մեկը փռթկացրեց։ Ես կանգնեցի տղայի կողքին, որ Սեդան չնկատի, իսկ նա չշարունակի։ Կողքի նստարանին նստած տղան ասաց՝ «Հա՜, ի՞նչ, բարբառով է ասում»։ Ժպտացի, չարաճճին հասկացավ իր սխալը՝ «Վայ, ախր մենք ուրիշ բանին ենք ածել ասում, ես էլ ասում եմ՝ էդ ինչպես ա լինում»։ 

   Չնայած դժվարություններին ու փորձություններին, ես վստահ եմ, որ եթե մի քիչ նվիրում, սեր ու ուշադրություն տածենք ու նրբանկատություն «ածենք» մեր խոսքի սկզբում, վերջում ու մեր վարքում, կօգնի, որ մեր հայրենակիցները, գոնե փոքրիկները, հավասար կրթություն ստանան ու լրացնեն բաց թողածը՝ շարժվելով առաջ։ Չվախենալով, որ կկորցնեն իրենց լեզուն, որովհետև վստահ կլինեն, որ ուրյանց լեզուն մեր լեզուն էլ է, ու մերն՝ ուրյանցը։



Պատմությունը և լուսանկարները՝
Ուսուցիչ-արաջնորդ՝
Աստղիկ Ասատրյանի
Արալեզ գյուղ, Արարատի մարզ