ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ...
Ուսուցիչներն այն մարդիկ են, ովքեր ամենից հաճախ ու ամենից շատ են մտածում, թե ինչ են սիրում այն մարդիկ, ում հետ իրենք են աշխատում։
Իսկ ի՞նչ են սիրում հենց մեր Ուսուցիչ-առաջնորդները. այս հրապարկման մեջ մեր տարբեր համայնքների ուսուցիչներ պատասխանել են մեկ հարցի՝ «Ի՞նչ եք սիրում»։
Ստորև ներկայացված են պատասխանները՝ առանց անունների և առանց խմբագրման։
***
Ես սիրում եմ աշակերտներիս համար այն յուրահատուկ, հատուկ մեկը դառնալու, լինելու զգացողությունը։ Երբ իրենց ձեռքբերումներով առաջինը քեզ հետ են ցանկանում կիսվել, երբ պատմում են իրենց մանկությունից, վախերից, բարդույթներից, երբ սիրահարվում են ու վառվող աչքերով պատմում են իրենց սիրո մասին, երբ նկարում են իրենց հավաքած փազլները և ուղարկում,որ տեսնեմ, երբ Ամանորի գիշերը զանգում են ու շնորհավորելուց հետո միանգամից պատմում, որ Գարիկ Պապոյանին տեսել են սուրճ խմելիս, սպասել են, որ սուրճ խմելն ավարտի ու խնդրել, որ նկարվեն։ Սիրում եմ, երբ խորհուրդ են հարցնում գրքերից, հետո խնդրում են, որ կարդամ իրենց համար, երբ սովորում ու համակերպվում են, որ անընդհատ նկարում եմ, չնայած՝ նկարվել չեն սիրում, երբ նամակներ են գրում ինձ, երբ վազում են փաթաթվելու ու գրկելու, երբ պատմում են իրենց երազանքներից, երբ երազում ենք միասին․․․․․ Միգուցե ձեզ մանրուքներ թվան, բայց ես համոզված եմ, որ սերը մանրուքներում է, որ նկատվում է։
***
Ես սիրում եմ մանկանալու և նորից երազելու հնարավորությունը։ Դպրոցը ոչ միայն գիտելիքների դարան է, այլև աշակերտների հուշերի և երազանքների պահուստ, որտեղ տարին տարվա վրա ավելանում են նվիրական երազանքները։ Վերադառնալով դպրոց՝ հնարավոր է վերհիշենք հեռու օրերում մնացած երազանքները կամ գտնենք նորերը։ Դպրոցի առօրյան ինձ տվեց վաղուց մոռացված մի զգացում ` պատկանելիություն և ներգրավվածություն։ Դասավանդելիս բացահայտում եմ ինձ համար նոր մտքեր, որոնք չէի նկատել սովորելու ընթացքում և բացում եմ մաթեմատիկայում դռներ, որոնք չէի բացել։ Օրվա փոքրիկ մանրուքները դարձնում են մեզ իրապես երջանիկ։ Ես սիրում եմ այդ երջանկությունը։
***
Սկսել եմ դպրոցի լռությունը սիրել․․․․առաջ պատասխան կունենայի։
***
Սիրում եմ երեխաներին զարմացնելը, նոր գիտելիք տալը։ Սիրում եմ դիտել իրենց հիացմունքը, երբ հասկանում են, որ իրենց հեռախոսներով, պլանշետներով ևս կարելի է դաս անցկացնել ու գիտելիք ստանալ։ Սիրում եմ աշակերտներիս հետ ընկերանալը, երբ կարողանում ենք վստահել իրար, ստեղծել նորը, լավը։
***
Որպես ուսուցիչ՝ ես իմ մեջ սիրում եմ առաջինն աշակերտներիս իմը, իմ մի մասնիկը համարելը, նրանք բոլորը` անկախ տարիքից, բնավորությունից իմ երեխաներն են։
Սիրում եմ իմ մեջ նրանց մասին հոգ տանելը, նրանց տարբեր հանգամանքներում ցույց տալը, որ մարդկային հատկություններից, որակներից վեր աշխարհում ոչինչ չկա։
Սիրում եմ, երբ բարկանում եմ, մեկ-մեկ՝ ընկճվում, բայց անսահման կարոտ եմ զգում հետո թե՛ նրանց և թե՛ իմ աշխատանքի հանդեպ։
Ես սիրում եմ իմ օբյեկտիվությունը և դրանով հանդերձ միշտ երեխաներիս փորձում սովորեցնել, որ պետք է արդարացի կերպով կարողանանք վերլուծել ինքներս մեզ ու մեր արարքները։
Ես սիրում եմ ինձ դպրոցում, որովհետև ես երեխաներիս հետ այն եմ, ինչ կամ իրականում՝ առանց ավելորդությունների ու ձևականությունների։
Շարքը պատրաստել և Ուսուցիչ-առաջնորդների
սրտի խորքերն է թափանցել Ուսուցիչ-առաջնորդ Անահիտ Բդոյանը
Արաքս գյուղ, Արմավիրի մարզ