ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ՇԻՐԱԿԸ | MY STORY AND SHIRAK


school01.jpg
 

Արի՛, վայելի՛ր, սիրի՛ր և սիրվի՛ր։

 

Շիրակի մարզի Կառնուտ գյուղի մասին գիտե՞ք։ Ես էլ չգիտեի։
Առաջին անգամ լսել եմ, երբ իմացա, որ երկու տարի այնտեղ եմ աշխատելու։ Ինչ խոսք՝ երջանիկ էի (դե Գյումրիին ով մոտ լիներ ու տխրեր)։
Առաջին քայլս,որ արել եմ դրանից հետո՝ սոցիալական ցանցերում դպրոցը փնտրելն էր։ Գտա։ Նկարներից հասկացա, որ ամուր ու կայացած դպրոց է։ Չէի սխալվում։ Գյուղից առաջինը ծանոթացա տնօրենիս ու նրա հայրիկի հետ։ Հեռվից փնտրում էի ու փորձում իմանալ, ով է Կառնուտի տնօրենը և ճիշտ էի գուշակել՝ Շիրակ աշխարհին բնորոշ հպարտ կեցվածքով, անկեղծ ու լայն ժպիտով, գանգրահեր և գեղեցկադեմ կինը տնօրենս էր։ Մոտեցա, զրուցեցինք և այսօրվա պես հիշում եմ նրա խոսքերը.

֊Բախտդ բերել է, որ մեր գյուղ ես գալու։ Գյուղում ցուրտ է և ուժեղ քամիներ են լինում, տաք շորեր կբերե՛ս։ Ժպտացի՝ հավանաբար այդ պահին ուժեղ քամիները չէին, որ ինձ անհանգստացնում էին։ Հետո ծանոթացա նրա հայրիկի հետ և զրույցի ընթացքում չգիտեի՝ ոնց թաքցնեմ վախից առաջացած հուզմունքս, երբ իմացա, որ աշխատելու եմ նրա փոխարեն։

֊Ես ըդպես էլ գիդեի օր իմ աղջկաս ձեռով բդի դուս գամ էս դպրոցից ,֊կատակում էր ....
Սեպտեմբերի մեկն էր. բոլորը բակում էին։ Եթե ասեմ քամի էր, դուք փոթորիկ հասկացեք։ Այս ամենը զվարճալի էր այնքան ժամանակ, մինչև եկավ երդման արարողության պահը։ Մի ձեռքով պահել էի հագուստս, մի ձեռքով բարձրախոսը, իսկ հողախառն քամին այդպես էլ չէր թողնում մինչև վերջ բացեի աչքերս, որ կարդամ տեքստը, որով հավերժ երդում էի տալու։ Ու պատահական չէր, որ ուղիս սկսվեց հենց այս դպրոցից։

 
school02.jpg
 

Հրճվանքով եմ հիշում այն պահը, երբ տեսա դասղեկական դասարանիս աշակերտներին։ Քչփչում էին, ծիծաղում, ոտքից գլուխ չափում ու ուրախանում։ Վերջերս հարցրի. ֊Երեխե՛ք, ի՞նչ էիք խոսում առաջին օրը, որ տեսաք ինձ։ ֊Դե ասում էինք՝ լավ է, որ սիրուն է ու ժպտում է։ Մնում է խիստ չլինի։ Երեխեքիս սպասումները արդարացված էին. խիստ չկարողացա լինել։ Մյուս դասարանը, որտեղ դասավանդելու էի՝ 10֊րդ դասարանն էր։ Լսել էի, որ հանգիստ դասարան է, աշակերտները՝ խելացի։ Երբ ծանոթացա նրանց հետ, վախերս կրկնապատկվեցին։

«Աստված իմ, ինձնից բոյով էս տղերքին ես ո՞նց եմ ասելու լսեք ինձ»։
Ընթացքում հասկացա, որ դրա համար ինձնից ջանք չպահանջվեց, ուղղակի անկեղծություն շփման մեջ ու մի քիչ էլ հարգանք իրենց կարծրատիպերի հանդեպ։ Զրուցում էինք, ես՝ գրական հայերենով, իրենք Գյումրու մաքրամաքուր բարբառով։ Շատ հաճելի էր լսել նրանց բարբառը, բայց դե հայոց լեզվի ուսուցչուհին պետք է ուշադրություն դարձներ ուղղախոսությանը։ Քիչ թե շատ, ստացվեց գոնե հայոց լեզվի և գրականության ժամերին անցում կատարել գրական հայերենին։ Հիմա խնդիրն այլ է. ես եմ խոսում իրենց բարբառով, իսկ իրենք ծիծաղում են իմ փափուկ արտասանած բառերի վրա և ուղղում։

 
school03.jpg
 

Անցել է գրեթե երկու տարի այն օրից, երբ կատարեցի կյանքիս ամենալուրջ և ամենաճիշտ քայլը։ Այո՛,իմ կյանքը բաժանվում է երկու շրջանի՝«Անուշը, ով փնտրում էր իր տեղը կյանքում» և «Անուշիգը, ով աբրում է Կառնուտում»։ Գիտե՞ք՝ երկար եմ մտածել՝ իմ այստեղ գալս՝ ինչ֊որ մեկին որևէ բան տվեց, թե ես անվերջ էգոիստի նման ստացա ու գտա։ Գտել ու ստացել եմ մարդկային բոլոր դրական արժեքները և վերջապես գտել եմ ինձ ու ճանաչում եմ։ Հա, ես Անուշիկն եմ, ով պաշտում է Կառնուտը՝ մեծանալով Ալավերդիում, հրճվում է իր տնակի դիմացի այգու մեկ ծաղկած ծառը տեսնելով, երբ եկել է Լոռվա հարուստ բնությունից, սովորել է վառարանը վառել առանց նավթի ու կապ չունի, որ ամեն օր մի մատը վառում է, ով սարսափում էր մկներից և օրերով անքուն նստում՝ ելքեր մտածելով նրանց վերացնելու համար, իսկ հիմա երեկոյան լռությունը և մենությունը կոտրող նրա ընկերներն են մուկիկները։

Ես գտել եմ մի անկյուն, որն անչափ հարազատ է ինձ և գտել եմ թանկ մարդիկ, ովքեր ինձ ամուր թելերով կապել են այս հողին։ Եկել է պահը, որ ես գնալու եմ գյուղից։

Ցանկանո՞ւմ ես վայելել այս ամենը և երկու տարում ճանաչել քեզ նորովի, ուրեմն հերթը քոնն է։Արի՛, վայելի՛ր, սիրի՛ր և սիրվի՛ր։

 
school04.jpg


Mik Kubelyanalumni, 1