ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ | MY STORY AND GEGHARKUNIK


kids.jpg
 

Աշխեն Վարդանյան, գյուղ Սարուխան

-C’est tout, au revoir,- ցտեսություն ասեցի աշակերտներիս և արդեն ուզում էի դուրս գալ, երբ աշակերտուհիներիցս երեքը մոտեցան ինձ:

-Ընկեր Վարդանյան, կարելի՞ է ձեզ մի քանի հարց տալ, -ասաց Մոնիկան և ամաչելով ավելացրեց,-բայց դասի վերաբերյալ չի…

- Լսում եմ, Մոնիկա ջան , - ժպիտով պատասխանեցի:

-Ընկեր Վարդանյան, դուք արդեն երկար ժամանակ է ՝ մեր գյուղում եք, որո՞նք են ձեր ձեռքբերումներն այս ամիսների ընթացքում: Ի՞նչ եք սովորել, ի՞նչ խնդիրներ եք հաղթահարել և ինչպե՞ս:

Հարցն անակնկալի բերեց ինձ. չգիտեի որտեղից սկսել, իսկ աղջիկները , հավանաբար մտածելով, որ ես հարցը չհասկացա, սկսեցին մեկնաբանել.

-Ընկեր Վարդանյան ջան, ուղղակի ճիշտ հասկացեք, մենք որ ձեզ շատ ենք սիրում,  ուզում ենք ձեզ նմանվել, այնքան հետաքրքիր է՝ ինչպես եք հարմարվել ձեզ համար նախկինում անծանոթ մարզին ու այստեղի բնակիչներին: Ուղղակի հետաքրքիր է, կասե՞ք:

-Էրեխեք ջան, միշտ էլ բոլորիս կյանքում լինում է մի այնպիսի շրջափուլ, որից հետո մենք այլևս այն չենք լինում, ինչ առաջ էինք: Սկզբում ինձ համար օտար էր ձեր գյուղը, օտար էիք դուք, ձեր բարբառը՝, և որքան էլ մեծ սիրով և մեծ գաղափարներով ոգեշնչված էի եկել, մտավախություն ունեի, որ դուք , ձեր համագյուղացիները ինձ միգուցե չկարողանաք ընդունել, որ ես օտար մարդ եմ՝ ուրիշ մարզից, ով շատ տարբեր է ձեզնից: Ձեր բարբառն սկզբում ընդհանրապես չէի հասկանում, շատ դժվար էր մնալ այստեղ: Միակ մխիթարանքս ձեզ շատ սիրելն էր՝ սիրով էի գալիս աշխատանքի: Որոշեցի ավելի մոտիկից ճանաչել ձեզ, ձեր գյուղը, հետաքրքրվել ձեր սովորություններով: Նույնիսկ ավանդական ճաշատեսակներից սովորեցի Գավառի քյուֆթա պատրաստել, Գավառի փախլավա թխել: Սովորեցի տեսնել, գնահատել ու վեր հանել յուրաքանչյուրի սրտի ոսկին, ուրիշի խնդիրը համարել իմը, ուրիշի ուրախությամբ ուրախանալ այնպես , ինչպես կուրախանայի իմ հաջողությունների համար: Իսկ դա գիտե՞ք ինձ ինչ տվեց. Սարուխանից հեռու սկսեցի կարոտել նույնիսկ դեպի գյուղ տանող ծառուղին, ամեն քարը, ամեն բնակչին՝ ծանոթ թե անծանոթ, մեր դպրոցը , դասերը… Մարզից դուրս ձեր բարբառը լսելով ակամայից սիրտս սկսեց թրթռալ… Էրեխեք…մի խոսքով, շատ սիրեք ձեր գյուղը, ձեր գյուղն ամենալավն է, արդեն ես էլ եմ շատ սիրում… ցտեսություն…

Հուզված դուրս եկա դասարանից՝ չկարողանալով նայել իմ բարի աշակերտների աչքերին, քանի որ վախենում էի ցույց տալ այն արցունքի կաթիլները, որոնք առաջացել էին այն մտքից, որ շուտով ժամանակն է մոտենում իմ հերթը հանձնելու Առաջնորդության Ծրագրի այլ մասնակցի:

-Բարև, ընգեր Վարդանյաաաան ջաաաա՜ն, իմա՞լ եք, չխասկըցա , էս դուք մեզ չեք կարոտցե՞լ, որ մկա չեք գալում մեր դասարան, ինչ անենք թե էսօր ֆրանս չունենք,- միջանցքի մի ծայրից մյուս ծայրը տարածվեց Դավիթի բամբ ձայնը:

Երբ մոտեցավ, բարևեցի ու փոխանցեցի, որ այսօր իրենց դասարանի աշակերտների հետ երեկոյան տեսազանգով կխոսենք, համ էլ՝ կքքնարկենք ֆիլմը որ հանձնարարել էի դիտել:

-Ընգեր Վարդանյան ջա՞ն, հետո մեզ կասեք , որ մենք ձեր անկարգներն ենք (այդպես փաղաքշորեն դիմում էի չարաճճիներիս, երբ մոռացած էին լինում ինչ-որ հանձնարարություն կատարել), բա ինչի՞ եք ութերի հետ գնում փուռ(աթարի մեջ խորովված կարտոֆիլ) ուտելու , իսկ մեզ խետ էս մի ամիս ա ոչ մի տեղ չեք գացել: 

Ժպտացի, ասեցի՝ կքննարկենք դա երեկոյան, ու դպրոցի աստիճաններով իջա դպրոցի բակ: Քայլում էի ու մտածում՝ ինչպես է հնարավոր չսիրել այս հրաշք գյուղը, այս բարի ու աշխատասեր մարդկանց, քո հանդեպ հավատով ու հույսով լցված այս աշակերտների աչուկները… Ես այլևս չէի ուզի լինել այնպիսին, ինչպես երկու տարի առաջ: Ես ինչ-որ առումով այն փոփոխությունն էի, որ ակնկալում էին այս երեխաները, իսկ իրենք այն փոփոխությունն էին իմ կյանքում, որը ես երբևէ չէի ակնկալել … Հիմա քո՛ ժամանակն է դառնալու ա՛յն փոփոխությունը, որն ակնկալում են այլ աշակերտներ, ա՛յն հույսն ու օրինակելի ուսուցիչը, որին միայն երախտագիտությամբ լի աչուկներ կնայեն: Ոգեշնչի՛ր նրանց, և նրանք կոգեշնչեն քեզ, արի՛ Գեղարքունիք, շարունակի՛ր իմ գործը, քանի որ այստեղ քեզ սպասում են:



Mik Kubelyanalumni, 1