ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ՏԱՎՈԻՇԸ | MY STORY AND TAVUSH
-Կուզե՞ք մի քիչ էլ ճամփու դնեմ:
-Չէ, Թագուհի ջան, ես մենակ կգնամ:
-Դե մինչ վաղը: Տափը սառած ա, զգույշ կըքյաք։
Ժպտացի և քայլեցի դեպի Սևքարի իմ փոքրիկ տուն` մի պահ մտքերով տեղափոխվելով երկու տարի առաջ այն պահը, երբ որոշեցի գալ և աշխատել այստեղ։ Վերոնշյալ դիալոգը այն ժամանակվա Սերինեի համար պարզապես մի խորթ բան կթվար։ Քայլում ու խորհում եմ, կինոժապավենի նման աչքիս դիմաց հերթով սահեցին բոլոր այն մտավախությունները, որոնք ունեի այս գյուղ գալուց առաջ. «Երեխաները ինձ ո՞նց կընդունեն, իսկ համայնքի բնակիչները...», «Բարբառը ո՞նց եմ հասկանալու»։ Բայց արի ու տես այսօր այդ բարբառը ոչ միայն հասկանում եմ, այլ նաև երբեմն հենց այդ բարբառով եմ պատասխանում աշակերտներիս։
Բայց այս ամենի մեջ ամենամեծ մտավախությունս այն էր, որ չգիտեի` ինչպես եմ մի քանի տարի շարունակ աշխարհագրության ուսուցիչ չունեցած աշակերտների հետ նավարկելու մեր մոլորակի տարբեր անկյուններով, և արդյոք այս նավարկությունը աշակերտներիս հետ լինելու էր խաղա՞ղ, թե՞ փոթորկոտ։ Այդ փոթորիկից խուսափելու համար ես ինձ հետ վերցրի Մագելանի համառությունը, ձգեցի գիտելիքի առագաստները և կողմնացույցը ձեռքումս ամուր պահած՝ շարժվեցի առաջ։
Այժմ վստահաբար կարող եմ ասել, որ շրջագայությունս հաջողությամբ պսակվեց, քանի որ ինձ հետ նավարկող աշակերտները` սահմանամերձ գոտում թրծված այդ փոքրիկ զինվորները, անվախ էին, արկածախնդիր, նպատակասլաց ու չկոտրվող։ Այս նավարկության արդյունքում շահեցի և՛ ես, և՛ ուղեկիցներս։ Այս երկու տարիների ընթացքում ես հասցրեցի ոչ միայն սովորեցնել, այլ նաև՝ սովորել։ Սովորեցինք չհուսահատվել և հույս տալ, ձգտել և հասնել, ոգեշնչել և ոգեշնչվել, չշտապել` հաստատուն քայլերով առաջ շարժվել և առաջնորդել։
Մոտենում է ուսումնական տարվա ավարտը։ Եւ որքան ավելի է մոտենում վերջը, այնքան ավելի եմ սկսում գնահատել Տավուշի հրաշք բնությունը, տեղացիների պայքարող ու արարող տեսակը, ովքեր, քաջ գիտակցելով սահմանին ապրելու անխուսափելի վտանգը, ամուր կառչած են իրենց հողին։
Եթե ուզում ես բացահայտել և կատարելագործել քո հմտությունները, դառնալ վերափոխող Ուսուցիչ-առաջնորդ, միաժամանակ վայելել երեխաների անկեղծ սերն ու ջերմությունը, տեղացիների հյուրընկալությունը և հիանալ շրջապատող բնության անձեռակերտ գեղեցկությամբ, ապա այժմ քո՛ հերթն է։
Արի՛ Տավուշ և կիսվիր քո պատմությամբ` ցույց տալով մարդկանց, որ դեռ մնացել են բարության ու կամքի գեղեցիկ դրսևորումներ՝ մեր իրականության ծայրամասային ու կիսալքված փոքրիկ աշխարհներում։