ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ԱՐՑԱԽԸ | MY STORY AND ARTSAKH
ԱՐԵՎՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է
Շալուա, Քաշաթաղի շրջան, Արցախ
ՈՒԱԶ-ը, որը տեղափոխում է ինձ ու ամուսնուս Շալուա, արդեն յոթ սար, յոր ձոր անցել է, բայց էդպես էլ տեղ չենք հասնում։ Ճանապարհին վարորդն ու իր կինը խոսում են․
-Գայլերն էս գիշեր էլի գյուղ են իջել, -ու տեսնելով իմ դեմքի արտահայտությունը, ոգևորված ավելացրեց,- Մի հորթ են խփել ։ (Հետո հասկացա, որ կերել են։) Գիտե՞ք, որ գայլերի աչքերը գիշերը փայլում են։
Ես արդեն կորցրել էի սարերի ու ձորերի թիվը ու մտածում էի, թե էս ուր են ինձ գործուղել։
-Էս էլ ձեր Շալուան։
Տնօրենս որդու ու ամուսնու հետ դիմավորեց մեզ և ցույց տվեց այն տունը, որտեղ պիտի երկու տարի ապրեինք ։ Վարորդի կինը, աչքն ինձանից չկտրելով , փորձում էր կռահել իմ հիասթափության աստիճանը։
-Երկու մահճակալ և մեկ դարակ, հրաշալի է, էլ ի՞նչ է պետք,- հատուկ շեշտեցի ես։
-Երկար ճանապարհ եք եկել, հաց եմ պատրաստել, գնանք,- առաջարկեց տնօրենս։
Տուն վերադառնալիս տնօրենիս որդին ուղեկցում էր մեզ։ Մեկ էլ մթի մեջ վեց զույգ պսպղուն աչք․
-Գայլերը՜,- ու էդ պահին մատծում եմ՝լավ, հենց առաջին օրը գայլի բաժին պիտի դառնամ։։
-Կովերն են, մի՛ վախեցեք։Կենդանիների աչքերրը գիշերը փայլում են։
Սա Շալուան է և սա իմ առաջին դասն էր։
Ես ու աշակերտներս շատ արագ ընկերացանք։ Ապրեսյան Հայկ Պավելինը մի շաբաթ ուշ միացավ մեզ։
-Հայկը շատ լուրջ տղա ա, իրա հետ դժվար կլինի,- ասում էին բոլորը։
Հայկը եկավ ու հոնքերը կիտած, ձեռքերը խաչած, դանդաղ քայլերով մտավ դասարան։
-Ողջո՜ւյն Հայկ, ես ընկեր Առաքելյանն եմ։
-Հա՛,- շատ ցածր պատասխանեց Հայկն ու վերից վար նայելով ինձ, նստեց։
<<Վա՜յ, մամա ջան, ո՞նց եմ հետը լեզու գտնելու>>։
Մի շաբաթ թաքուն իրար էինք ուսումնասիրում , մինչև էն պահը, երբ Հայկը բռնացրեց ինձ , ու ես չկարողացա հայացքս փախցնել։ Ժպտացի։ Հայկն էլ ժպտաց։ Ժպտաց ամենասիրուն ժպիտով։ Հայկը սիրում է օդապարիկներ ու նավեր նկարել, ճամփորդել ու երազել։
-Ընկե՛ր Առաքելյան, երկնքում լիքը աստղեր կան, էկե՛ք երազանք պահենք։
-Ընկե՛ր Առաքելյան, էկե՛ք մի հատ օդապարիկ սարքենք, նստենք ու բարձրանանք ամպերի մոտ։
Սա Շալուան է։ Իմ մյուս աշակերտը Հովհաննիսյան Մհեր Արմանինն է։
-Սա աջն է, սա ձախը, Մհե՛ր,- սովորում ենք տարբերել աջն ու ձախը։
Մհերն առաջին նկատեց, որ ամուսնուս իր թույլ տեսողության պատճառով միշտ ուղղություն եմ ցույց տալիս ՝ աջ, ձախ, թեքվի, հասանք։
-Դուք գնացեք, ես ընկեր Էդգարին կբերեմ։ Ա՛ջ, ձա՛խ, ընկեր Էդգար, ապրե՛ք,- ու ընկեր Էդգարին ուղիղ թրիքի մեջ,- Է՜, ասի աջ։ Էսիկ աջը չի՞։
Ու Մհերը սովորեց աջն ու ձախը, որ ինքն ուղեկցի ընկեր Էդգարին։ Դպրոցում Ռազմիկ անունով ԿԱՊԿՈՒ մի տղա ունենք, որի հետ բոլորը միշտ կռվում են։
-Գնա՛մ Ռազմիկի ձենը հանեմ , գամ։
Սա Շալուան է։
-Ռազմի՛կ, կոշիկիդ շնորուկները արձակվել են, կապի՛, թե չէ կընգնես։
-Չեմ կարում, Մհե՛ր։
-Արի՛ ստեղ,- ասում է Մհերն ու կռանում, որ կապի Ռազմիկի կոշիկների շնորուկները։
Սա Շալուան է , մատյանում հաջորդը Բադալայն Նելլի Կարենինն է։
-Նելլի ջան, մի հատ Լիանային << Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ>>-ը բացատրի, ես տղաներին էս նյութը նորից բացատրեմ։
- Հարց չկա,- ասում է Նելլին ու ցույց տալով գիրքը՝ շարունակում,- Լիանա՛, եթե քեզ ասեմ, որ էս գիրքը պատուհան է, սա ճշմարի՞տ, թե՞ ոչ ճշմարիտ պնդում է։
-Ճշմարիտ պնդում է,- հանգիստ պատասխանում է Լիանան։
-Լիանա՛,-համբերատար շարունակում է Նելլին,- սա գիրք է , ոչ թե պատուհան, ուրեմն՝ իմ պնդումը սխալ է կամ ոչ ճշմարիտ։
Այ հիմա հանգիստ եմ, փոխարինող ունեմ։
Սա Շալուան է։ Մատյանում վեջին համարի դիմաց գրված է Խաչատրյան Լիանա Սևակի։ Լիանայի համար հատուկ կանոն ունենք՝ << Հարգե՛լ մաթեմատիկան >>։
-Ընկե՛ր Առաքելյան, էսօր կգա՞ք մեր տուն։
-Մինչև մաթեմատիկան չհարգես, չեմ գալու։
Միայն Աստված ու Լիանայի մայրը գիտեն, թե ինչ ճանապարհ անցանք, մինչև Լիանան սկսեց հարգել մաթեմատիկան։
Սա Շալուան է, որտեղ ապրում են արևները , և ես նրանց ուսուցիչն եմ։
Շուտով կավարտվի իմ առաքելությունը և հիմա հերթը քոնն է։ Նրանք՝ Հայկը, Մհերը, Նելլին ու Լիանան սպասում են քեզ։