ԽՆՈՒՇԻՆԱԿ, ԱՐՑԱԽ

ԾՐԱԳՐԻ ԱՆՈՒՆ՝ ՄԱԹՄԻՔՍ (ՓՀՈՒ)
ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ՝ ԱՆՈւՇ ԲԱԲԱՅԱՆ (G9)

 ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մաթեմատիկա առարկան ավելի հետաքրքիր մեթոդներով սովորելու համար՝ աշակերտները ստեղծել են կոմիքսներ մաթեմատիկայի թեմաներով։ Կոմիքսների առաջին շարքը նվիրված է «թվերին»։ Աշակերտները նախ ուսումնասիրել են թվերը, թվերի տեսակները։ Կատարած ուսումնասիրության հիման վրա գրել են կոմիքսի սցենար և թվայնացրել այն։ Այնուհետև տպագրել են շարքը, ներկայացնել այն դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Շարքն օգտագործվելու է որպես դիդակտիկ նյութ դպրոցի այլ դասարանի աշակերտների համար։ 

ԲԵՐԱԴԱՇԵՆ, ԱՐՑԱԽ

ԾՐԱԳՐԻ ԱՆՈՒՆ՝ BOOK-ԲԵՐԴ (ՓՀՈՒ)
ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ (G8)

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագիր նպատակաուղղված է եղել զարգացնելու աշակերտների համագործակցության և հաղորդակցման հմտությունները, էլ ավելի խորացնելու նրանց գիտելիքը ուղղահայացության վերաբերյալ, ինչպես նաև կապեր ստեղծելու ուղղահայացության և դրա՝ առօրյա կյանքում կիրառման միջև։ Ծրագրի շրջանակում աշակերտները խորությամբ ուսումնասիրել են, թե ինչ է ուղղահայացությունը և պատրաստել են ուղղահայաց գրապահարաններ իրենց դպրոցի համար։ Գրապահարանները ներկել են ու գունավորմամբ ստեղծագործել։ Աշակերտները նաև մաքրել են դպրոցի դասասենյակներից մեկն աղբից, կարգի են բերել այն, որպեսզի տեղադրեն գրապահարաններն այդ սենյակում, համալրեն դրանք գրքերով և ունենան գրադարան դպրոցում։ Աշակերտների նպատակն է նաև, որ դպրոցում բոլորը զբաղվեն ընթերցանությամբ։ 

ՄԵԾ ՇԵՆ, ԱՐՑԱԽ

ԾՐԱԳՐԻ ԱՆՈՒՆ՝ ԱՐՎԵՍՏԸ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՐ (ՓՀՈՒ)
ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՍԱՄՎԵԼ ԹԱՎԱԴՅԱՆ (G8)

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի ընթացքում աշակերտները ուսումնասիրել են տարբեր ժամանակաշրջանների կերպարվեստի ուղղությունները, հանրահայտ նկարիչների կենասագրությունը և ստեղծագործությունները, ինչպիսիք են Մարտիրոս  Սարյանի «Փյունիկյա  Արմավենի»-ն, «Պարսկուհի»-ն և «Մ. Սարուխանյանի  դիմանկարը», Անրի   Մատիսի «Պար»-ը, Պաբլո  Պիկասոյի «Ընթերցող  կանայք», Մալեվիչի «Սև  քառակուսի»-ն, Մինաս Ավետիսյանի դիմանկարը և այլն։ Սովորել են համադրել, ներդշնակել գույները, փորձարկել են գույների ստացման եղանակները: Աշակերտները պատրաստել են մոտ 20 կտավ՝ ըստ իրենց ուսումնասիրած արվեստի գործերի և ծրագրի ավարտին տնօրենի աջակցությամբ կազմակերպել են ցուցահանդես դպրոցի սրահում: Ցուցահանդեսի ընթացքում համայնքի անդամներից մեկը գնել է կտավներից մեկը, եղել են նաև նոր կտավներ պատրաստելու պատվերներ։ Հատկանշական է, որ այն աշակերտներն, ովքեր անմիջապես ներգրավված չեն եղել ծրագրում, հետագայում ցանկություն են հայտնել միանալ «Արվեստը արվեստի համար» կերպարվեստի խմբակին։ 

ԱՐԱՋԱԴԶՈՐ, ԱՐՑԱԽ

ԾՐԱԳՐԻ ԱՆՈՒՆ՝ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻՆԵՐԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ (ՓՀՈՒ)
ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՆԱՐԵԿ ՍԵՎԼԻԿՅԱՆ (G8)

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի ընթացքում աշակերտները բացահայտել են իրենց համայնքում և հարակից տարածքներում գտնվող միներալները։ Աշակերտներն այցելել են տարբեր տեղանքներ՝ Առաջաձորում առկա քարանձավներ, Կաշենի հանքավայր, Աստղաշեն, գտնել են միներալներ` օֆիոլիտ, լիստվենիտ, մարմար, խալցեդոն, քվարց, ագաթ, կրաքար, մարմարային օնիքս, քարանձավային մարգարիտ և այլն, որոնց վերաբերյալ ուսումնասիրություն են կատարել տարբեր գիտական նյութերից, հայտնի աշխարհագրական հեղինակների աշխատություններից, հավաստի էլ. կայքերից։ Աշակերտները նաև հանդիպում են ունեցել մասնագետի հետ, որի օգնությամբ տեսակավորել են միներալները, ուսումնասիրել դրանց ծագումը և տարիքը։ Այնուհետև աշակերտներն իրենց դպրոցում ստեղծել են միներալների համար անկյուն, որտեղ ցուցադրված են միներալների օրինակները և դրանց վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքները։  Ծրագրի ավարտին ուսուցիչների օգնությամբ աշակերտները կազմակերպել են հայրենաճանաչությանն ուղղված միջոցառում՝ ներկայացնելով համայնքի պատմությունն ու հավաքած միներալները: 

ՇՎԱՆԻՁՈՐ, ՍՅՈՒՆԻՔ

ԾՐԱԳՐԻ ԱՆՈՒՆ՝ ԱՐՎԵՍՏԸ ՍԵՐ Է (ՈՒԱՀԾ/TLIP
ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ՝ ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ (G7)

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արմինեն անցկացրել է ասեղնագործության, ժանեկագործության, մանրանկարչության, նկարչության և պապյե մաշե խմբակներ Շվանիձորի միջնակարգ դպրոցի աշակերտների և համայնքի  կանանց համար։ Ծրագրի շրջանակներում աշակերտներն ու կանայք ձեռք են բերել կարուձևի, ասեղնագործության և նկարչական հմտություններ։ Խմբակների մասնակիցները պատրաստում  և իրացնում են ասեղնագործ և ժանեկագործ իրեր՝ թևնոցներ, կրծքազարդեր, վզնոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, պապյե մաշե տեխնիկայով պատրաստված տիկնիկներ։ Աշակերտների և կանանց պատրաստած իրերի վաճառքն իրականացվում է «Մեղրաթել ձեռագործ աշախատանքներ» անունը կրող ֆեյսբուքյան էջով։ Խմբակների շնորհիվ մեղմացվել է աշակերտների և համայնքի կանանց զբաղվածության խնդիրը, ինչպես նաև կանանց համար գումար վաստակելու հնարավորություն է ստեղծվել՝ իրենց պատրաստած իրերը վաճառելու միջոցով։ «Արվեստը սեր է» ծրագիրը Արմինե Աթոյանի «Թափանցիկ կյանք» համայնքային առաջին ծրագրի շարունակությունն է։ Վերջինիս շրջանակում 

Արմինեն դպրոցի դասասենյակներից մեկը կարգի է բերել՝ դարձնելով այն արվեստի սենյակ, որտեղ էլ իրականացրել է «Արվեստը սեր է» ծրագիրը։

ԾԱՎ, ՍՅՈՒՆԻՔ

ԾՐԱԳՐԻ ԱՆՈՒՆ՝ ՍԵՐ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ (ՓՀՈՒ)
ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՊԱԼՈՄԱ ՌՈՒԲԻՈ (G7)

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պալոման Ծավի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ նախագծել և ստեղծել է ինտերակտիվ արշավային արահետ, որի երկայնքով տեղադրված են շրջակա միջավայրի մասին պատմող հետաքրքիր և ուսուցողական վահանակներ։  Արահետով մոտ մեկ ժամ քայլելուց և միջին բարձրության սար բարձրանալուց հետո մի կողմից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծավ գյուղը, իսկ մյուս կողմից կարելի է վայելել խոնարհված եկեղեցու գեղեցկությունը, որը դեռ թվագրված չէ։  

Արշավային արահետի իրականացման համար՝ աշակերտներն իրականացրել են ուսումնասիրություն բնության և կենդանական աշխարհի կարևորության մասին  և այդ տեղեկության հիման վրա պատրաստել մեկնաբանական վահանակներ։ Կան նաև վահանակներ, որոնք ներառում են հանելուկներ և որոնք լուծելու դեպքում է միայն հնարավոր շարունակել պատրաստված արահետով արշավը դեպի սարի գագաթը։ Արահետի պատրաստման ընթացքում աշակերտները նաև իրականացրել են աղբի հավաքում և մացառուտների մաքրում։ Ծրագրի շրջանակում Պալոման փորձել է բարձրացնել աշակերտների բնապահպանության վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել էկոտուրիզմին։ 

ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ, ԱՐԱՐԱՏ

ԾՐԱԳՐԻ ԱՆՈՒՆ՝ ԱՄԱՆԷՋ. ԽՈՍՈՂ ՉՐԵՐ (ՈՒԱՀՆԾ/TLIP)
ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ՝ ԱՇՈՏ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ (G7)

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Զանգակատան դպրոցի աշակերտներն իրենց ուսուցչի՝ Աշոտի օգնությամբ ստեղծել են չրի իրենց բրենդը՝ «Ամանէջ. խոսող չրեր»-ը։ Նախքան չրի պատրաստմանն անցնելը աշակերտներն ուսումնասիրել են, թե ինչ մրգեր ու բանջարեղեններ են աճում իրենց գյուղում, մասնակցել են SMM-ի և բրենդինգի հիմունքների վերաբերյալ դասընթացների ու համայնքի փորձառու բնակիչների աջակցությամբ սովորել են նաև չրի պատրաստման տեխնիկան։ Աշակերտները ԴՀ-ի ֆինանսավորմամբ ձեռք են բերել չրի պատրաստման սարքեր, ստեղծել են իրենց լոգոն, փաթեթավորել չիրը և սկսել դրա վաճառքով զբաղվել։ Վաճառքից ստացված գումարը կրկին ներդրվել է չրերի նոր տեսականու արտադրության մեջ, որից ստացված եկամուտն էլ կծառայի դպրոցին՝ ըստ անհրաժեշտության ու կարիքների։

Հետաքրքիր է բրենդի անվան ընտրությունը։ Աշակերտներն ընտրել են «ամանէջ» բառը, քանի որ ցանկանում էին բրենդի անվան մեջ ցույց տալ բրենդի ծագման ու արտադրման վայրը, արտացոլել համայնքը։ «Ամանէջ» բառը նշանակում է «ամանի մեջ»․ դա Սևակի՝ գյուղին նվիրված ստեղծագործության վերնագիրն է, որտեղ ասվում է, որ գյուղին հեռվից նայողը կնկատի, որ գյուղը գտնվում է սարերի մեջ եղած տափարակում և 4 կողմից եզերված է լեռներով․ այն կարծես գտնվում է ամանի մեջ։ 

ԱՐԹԻԿ, ՇԻՐԱԿ

ԾՐԱԳՐԻ ԱՆՈՒՆ՝ ԷԿՈ ԿԱՐ (ՈՒԱՀՆԾ/TLIP)
ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՄԱՐՅԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (G7)

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարյամն անցկացրել է կարուձևի խմբակ, որի շրջանակում աշակերտները ձեռք են բերել կարուձևի, դիզայնի, մարկեթինգի և բլոգ վարելու վերաբերյալ գիտելիքներ։ Կարուձևի հմտությունը աշակերտներին ուսուցանել են համայնքի բնակիչներն, ովքեր հմուտ են այդ գործում։ Համայնքի հմուտ վարպետների ներուժն ու փորձն օգտագործելով՝ Մարյամը աշակերտների շրջանում փորձել է պահպանել և խորացնել կարի մշակույթը, որն Արթիկում ունի երկար տարիների պատմություն։ 

Աշակերտները Մարյամի և համայնքի այլ բնակիչների օգնությամբ պատրաստում են էկո պայուսակներ, սբրիչներ և սփռոցներ, որոնց վաճառքն իրականացնում են «Էկո կար» ֆեյսբուքյան էջով։