Ի՞նչ կզգայիք, եթե դպրոցում դասի ժամանակ լսեիք տերևների խշշոցը և քամու ձայնը կամ զգայիք ծաղկած ծառերի ու խոտերի անուշ բույրը: «Իզի Փեյ» ընկերության և «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շնորհիվ Կոտայքի մարզի Հատիս գյուղի աշակերտների համար սա այլևս երազանք չէ, այլ սովորական օր դպրոցում:
Օրեր առաջ «Իզի Փեյ»-ի և «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելեցին Հատիս գյուղ՝ հանդիպելու «Դասավանդի՜ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Մարինե Մանջիկյանի հետ՝ ավելին իմանալու «Իզի Փեյ»-ի աջակցությամբ նրա իրականացրած համայնքային ծրագրի մասին: Մարինեն դպրոցի բակում բացօթյա դասասենյակ ստեղծելու փայլուն գաղափար ուներ, որը ֆինանսավորում և աջակցություն ստացավ «Իզի Փեյ» ընկերության կողմից։
“«Մտահղացումն առաջացավ աշակերտներիս հետ միասին։ Քանի որ մեր տարածքը խոտածածկ է, և մենք շատ ժամանակ էինք անցկացնում դրսում՝ խոտերի մեջ նստելով, որոշեցինք, որ կարող ենք ունենալ նաև բացօթյա դասարան, որպեսզի երեխաները դասեր անցկացնեն և խմբային աշխատանքներ կատարեն։ Անչափ ուրախ եմ, որ արդյունքում ընտրվեց մեր ծրագիրը, և «Իզի Փեյ»-ը ֆինանսավորեց այն»
Մարինե Մանջիկյան«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ
Այցելությունն սկսվեց ծանոթությամբ։ Հյուրերը և դպրոցի տնօրենը զրուցեցին ֆինանսավորում ստացած նախագծի մանրամասների և դրա կարևորության մասին, այնուհետև շրջայց կատարեցին դպրոցում և ուղևորվեցին դասալսման։ Դասը վարում էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդը, իսկ թեման բարությունն էր ու հերոսները։
“«Մեր այցն ամբողջովին ստացված ենք համարում: Երեխաներից շատ բան սովորեցինք և զինվեցինք դրական ու ջերմ տրամադրությամբ: Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին այս համագործակցության համար, որը մեզ թույլ տվեց դառնալ աշակերտների կյանքին նպաստող դրական փոփոխությունների մասնիկը: Անչափ ուրախ ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել կարևոր այս գաղափարի իրականացման գործընթացում: Վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերը շատ շուտով կտան իրենց շոշափելի արդյունքները»
Տիգրան Պարսեղյան«Իզի Փեյ» ընկերության մարքեթինգի տնօրեն
Այս համագործակցությունը ևս մեկ անգամ փաստում է մասնավոր և շահույթ չհետապնդող կազմակերպությունների համատեղ աշխատանքի, ինչպես նաև համայնքային կյանքը բարեփոխող աշակերտական նորարարական նախագծերի կարևորությունը Հայաստանում և Արցախում։
“«Հայաստանի և Արցախի կրթական առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուրիս նպատակը: Մենք երախտապարտ ենք «Իզի Փեյ» ընկերությանը այդ պատասխանատվությունը գիտակցելու և Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկը լինելու համար: Որպես Հատիսի միջնակարգ դպրոցի Nation-Builders հովանավոր՝ ընկերությունն իր ներդրումն է կատարում Հայաստանի և Արցախի կրթական բարեկեցիկ ապագա կերտելու գործում»
Լարիսա Հովհաննիսյան«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն
Նոր բացօթյա դասասենյակի շնորհիվ Հատիս գյուղի աշակերտներն այժմ կարող են սովորել և զարգանալ այնպիսի միջավայրում, որը խթանում է իրենց ստեղծարարությունն ու նորարությունների հանդեպ ձգտումը: