Ներածություն
Հոդվածը ներկայացնում է տվյալների վրա հիմնված որոշումների կարևորությունը հանրակրթության արդյունավետ կազմակերպման և բարելավման համատեքստում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մոտեցումների, ձեռքբերումների և առկա մարտահրավերների տրամաբանությամբ։ Նպատակն է կիսվել փորձառությամբ, թե ինչպես կարող է փաստահեն մոտեցումը դառնալ հանրակրթության արդյունավետության բարձրացման ու երեխայի համապարփակ զարգացման կարևոր նախադրյալ՝ նպաստելով համակարգային բարեփոխմանը։
Տվյալները ժամանակակից կրթական համակարգում կարևոր դեր ունեն՝ դառնալով ռազմավարական որոշումների կայացման անփոխարինելի հիմք։ Հայաստանյան կրթական իրականության մեջ տվյալահեն որոշումների կայացումը առանձնահատուկ կարևորություն է ստացել, քանի որ նպաստում է առկա մարտահրավերների փաստարկված, խորքային և երկարաժամկետ լուծումներին։
“Տվյալը պարզապես վիճակագրական թիվ չէ. այն կրթական արդյունքներին նպաստող կամ խոչընդոտող գործոնները հասկանալու միջոց է և ուղենշում է բարելավումներ իրականացնելու ճանապարհները
Schildkamp & Poortman, 2020; Mandinach & Schildkamp, 2021
Տվյալների վրա հիմնված ուսումնառության փորձառությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ ՀՀ բոլոր մարզերում գործունեության տասնամյա փորձը ցույց է տալիս, որ կրթական ծրագրերի գնահատումը և տվյալահեն որոշումների կայացումը կարևոր նախապայմաններ են արդյունավետ միջամտությունների և համակարգային բարելավումների համար։ Տվյալահեն որոշումների կայացումը աշխատանքային մշակույթի առանցքային բաղադրիչներից է։
Ուսումնական գործընթացների գնահատումը դիտարկվում է տարբեր տեսանկյուններից, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել հիմնավորված, բազմակողմանի և ամբողջական պատկեր։
Վերջին չորս տարիներին «Դասավանդի’ր, Հայաստան»-ում իրականացված ակադեմիական գնահատումները, ինչպես նաև Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Կրթության և տեղեկատվության դպրոցի (SEIS) Գնահատման, ստանդարտների և աշակերտների թեստավորման հետազոտությունների ազգային կենտրոնի (CRESST) հետ համատեղ իրականացված 18 ամիս տևողությամբ համապարփակ հետազոտությունը վկայում են, որ աշակերտների շրջանում քննադատական մտածողության և ավելի բարձր կարգի ճանաչողական հմտությունների զարգացումը շարունակում է մնալ բարելավման կարիք ունեցող ոլորտ (Teach For Armenia, 2024)։ Հիմք ընդունելով այս տվյալները՝ կազմակերպությունը մշակում է գործողությունների պլան, որը միտված է Ուսուցիչների առաջնորդության ծրագրում քննադատական մտածողության խթանմանը։
Սովորողի զարգացումը չի սահմանափակվում միայն ակադեմիական բաղադրիչով։ Կազմակերպությունն առանձնակի ուշադրություն է դարձնում նաև առաջնորդական և սոցիալ-հուզական կարողունակությունների զարգացմանը։
Ինչպե՞ս են տվյալները խթանում ներգրավվածություն և պատասխանատվություն
Տվյալահեն որոշումների կայացումը կարող է դառնալ համագործակցության և վստահության հզոր գործիք՝ միավորելով կրթության կառավարիչներին, ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին։
Ի վերջո, տվյալների մտածված և համապարփակ օգտագործումը էապես բարձրացնում է կրթության արդյունավետությունը՝ ապահովելով թե՛ անհատական, թե՛ համատարած ուսումնական միջավայրեր։
Հաջորդ հոդվածում ավելի մանրամասն կուսուսումնասիրենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի փորձառությունը առաջնորդական և սոցիալ-հուզական կարողունակությունների գնահատման առումով։
ԷՍՄԱՐԻԴԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Տվյալների և ներազդեցության ավագ մասնագետ · Teach For Armenia
Հղումներ՝ | References
- Հայաստանի Հանրապետություն. (2015). _«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք._
- Datnow, A., and Park, V. (2018). Professional Collaboration with Purpose: Teacher Learning Towards Equitable and Excellent Schools.
- Mandinach, E. B., & Schildkamp, K. (2021). Data-Informed Decision Making in Education: The Next Steps in Supporting Educators to Use Data.