ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ (ԱՐՁԱԳԱՆՔ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ)

Ադրբեջանի կառավարության կողմից սանձազերծված և զանգվածային տեղահանման ու խորը մարդասիրական ճգնաժամի հանգեցրած 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմից հետո «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն արագ արձագանքեց «Կրթությունն արտակարգ իրավիճակներում» ծրագրով՝ աջակցելու Հայաստանի տարբեր վայրերում գտնվող բռնի տեղահանված աշակերտներին։
Գիտակցելով թե՛ կրթության շարունակականության, թե՛ հուզական ապաքինման հրատապությունը՝ մենք համախմբեցինք ռեսուրսները՝ աշակերտներին իրենց գտնվելու վայրերում աջակցություն և ուղղորդում տրամադրելու համար։
Այս աշխատանքի շրջանակում ընտանիքներին բաժանեցինք ավելի քան 500 խնամքի փաթեթ և, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ գործընկերությամբ, պլանշետներ ու ինտերնետ հասանելիություն տրամադրեցինք թվային կապ չունեցող 250 աշակերտների՝ ապահովելով հեռավար սովորելու նրանց հնարավորության շարունակականությունը։
Զուգահեռաբար տեղական միավորումների և հոգեկան առողջության մասնագետների հետ համագործակցությամբ իրականացրեցինք տրավման հաշվի առնող դասավանդում, սոցիալ-հուզական ուսումնառություն և արտթերապիա, այդ թվում՝ ավազանկարչության դասեր, որպեսզի երեխաները կարողանան հաղթահարել պատերազմի հոգեբանական հետևանքները և վերականգնել անվտանգության, ինքնարտահայտման ու համայնքին պատկանելու զգացումը։


