Հետ դեպի նորությունները

Աջակցությունից մինչև առաջնորդություն

Առաջնորդության երկամյա ծրագրի միջոցով մենք հավաքագրում և աջակցում ենք բացառիկ բուհական շրջանավարտների ու մասնագետների՝ հնարավորություն տալով նրանց դասավանդելու անբավարար աջակցություն ստացող համայնքներում և միաժամանակ զարգացնելով կրթության ոլորտը վերափոխող առաջնորդներ դառնալու համար անհրաժեշտ հմտությունները, մտածելակերպն ու փորձը։ Ծրագիրը համադրում է դասարանային փորձի ազդեցությունն առաջնորդության զարգացման հետ՝ մասնակիցներին պատրաստելով կիրառելու դասավանդման նորարարական մոտեցումներ, խթանելու կրթական հավասարությունը և առաջնորդելու համապետական համակարգային փոփոխություն։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Առաջնորդության երկամյա ծրագրի ընթացքում Ուսուցիչ-առաջնորդները սերտորեն աշխատում են Առաջնորդության զարգացման ղեկավարների (LDM)՝ ծրագրում իրենց անմիջական ղեկավարների հետ, որոնց նպատակն է ամրապնդել մասնակիցների առաջնորդական հմտությունները, աջակցել դասավանդման որակի բարելավմանը և նպաստել նրանց մասնագիտական ու անձնական աճին։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն Ուսուցիչ-առաջնորդների հետ աշխատանքում կիրառում է քոուչինգային մոտեցում։ Քոուչինգի միջազգային ֆեդերացիան քոուչինգը սահմանում է որպես քոուչերի հետ մտածողություն խթանող և ստեղծարար գործընկերություն, որը նրանց ոգեշնչում է առավելագույնս իրացնել անձնական ու մասնագիտական ներուժը. սա կարևոր հմտություն է այսօրվա բարդ և արագ փոփոխվող աշխարհում։ Քոուչինգն օգնում է մարդկանց ավելի լավ հասկանալ իրենց և ինքնաճանաչման ու վերլուծության միջոցով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։

Ի՞նչն է արդյունավետ դարձնում քոուչինգային մոտեցումը

Փոխադարձ ուսումնառության միջավայր
Քոուչինգն օգնում է ստեղծել փոխադարձ ուսումնառության և շարունակական աճի միջավայր։
Ուսումնասիրելու պատրաստակամություն
Քոուչինգը խրախուսում է նորն ու անծանոթն ուսումնասիրելու պատրաստակամությունը։
Առաջնորդական կարողունակություններ
Քոուչինգն աջակցում է առաջնորդական կարողունակությունների զարգացմանը։
Փոխակերպող մոտեցումներ
Փոխակերպող քոուչինգի մոտեցումները նշանակալի դեր ունեն ուժեղ առաջնորդների ձևավորման գործում։
Արմատական պատճառների ըմբռնում
Քոուչինգը «ակնհայտ կամ մակերեսային» խնդրին արձագանքելու մասին չէ. այն նպատակ ունի հասկանալու, թե ինչն է իրավիճակը դարձնում մարտահրավերային։

Ինչպե՞ս են քոուչինգային մոտեցումները կիրառվում Առաջնորդության երկամյա ծրագրում

Ակտիվ ունկնդրում
երկու կողմերն էլ դրսևորում են ակտիվ ունկնդրում
Ուսումնասիրել արմատական պատճառները
Քոուչինգ ստացող անձը պատրաստ է ուսումնասիրելու մարտահրավերի արմատական պատճառները
Հստակ նպատակ
Յուրաքանչյուր զրույց ունի քոուչինգ ստացող անձի հետ համաձայնեցված հստակ նպատակ
Կենտրոնացում հիմնական մարտահրավերների վրա
Քննարկվում է սահմանափակ թվով հարց կամ խնդիր՝ ամեն անգամ կենտրոնանալով մեկ հիմնական մարտահրավերի վրա

LACE մեթոդը

  1. ԼսելԼսել՝ հասկանալու համար
  2. ՀարցնելՏալ ազդեցիկ հարցեր
  3. Մարտահրավեր առաջադրելՄարտահրավեր առաջադրել և աջակցել
  4. ՍահմանելՍահմանել հաջորդ քայլերը և հաշվետվողականությունը

Այս մեթոդն առավել արդյունավետ կիրառելու համար թե՛ քոուչը, թե՛ Ուսուցիչ-առաջնորդը խրախուսվում են նախ ձևավորել առողջ, վստահության վրա հիմնված և համագործակցային միջանձնային հարաբերություններ։

Անհատական քոուչինգային զրույցներ

Առաջնորդության զարգացման ղեկավարները քոուչինգային մոտեցումները հիմնականում կիրառում են Ուսուցիչ-առաջնորդների հետ անհատական զրույցներում։ 2025 թվականի հարցման արդյունքների համաձայն՝ ղեկավարները շաբաթական միջինում հինգ ժամ են հատկացնում տարբեր Ուսուցիչ-առաջնորդների հետ անհատական հանդիպումներին։ Յուրաքանչյուր Ուսուցիչ-առաջնորդ ամսական մասնակցում է մեկից ավելի անհատական հանդիպման։ Այս հանդիպումները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ընթացիկ անելիքներին ուղղված քննարկումներ և հատուկ քոուչինգային զրույցներ։

Յուրաքանչյուր Ուսուցիչ-առաջնորդ կիսամյակի ընթացքում մասնակցում է մեկից երեք քոուչինգային զրույցի՝ ըստ իր կարիքների, նպատակների և քոուչինգային քննարկման պատրաստակամության։ Զրույցների պլանավորումն ու կառուցվածքը նույնպես տարբերվում են՝ կախված նրանից՝ Ուսուցիչ-առաջնորդը ծրագրի առաջին, թե երկրորդ տարում է։

Առաջին տարվա մասնակիցների հետ ղեկավարները սովորաբար ավելի շատ հանդիպումներ են անցկացնում՝ ուղղված ընթացիկ անելիքներին և ամենօրյա մարտահրավերներին։ Երկրորդ տարվա Ուսուցիչ-առաջնորդների հետ քոուչինգային մոտեցումներն ավելի հաճախ են կիրառվում, քանի որ նրանք սովորաբար ավելի պատրաստ են խորքային վերլուծության և երկարաժամկետ առաջնորդական զարգացման։

Քոուչինգային զրույցներ նախաձեռնում են թե՛ Առաջնորդության զարգացման ղեկավարը, և թե՛ Ուսուցիչ-առաջնորդը, որը կարող է հանդիպում առաջարկել՝ որևէ մարտահրավեր խորությամբ քննարկելու համար։ Ուսուցիչ-առաջնորդների առավել հաճախ բարձրացրած թեմաներն են հարաբերությունները՝ գործընկերների կամ աշակերտների հետ, դասավանդման պրակտիկայի բարելավումը և հուզական այրման կառավարումը։

Առաջնորդության զարգացման մենեջերները հետևողականորեն կիրառում են քոուչինգային զրույցներ, քանի որ Ուսուցիչ-առաջնորդների հետադարձ կապը ցույց է տալիս դրանց բարձր արդյունավետությունը՝ առաջնորդական և մասնագիտական զարգացմանն աջակցելու գործում։ 2025 թվականի մայիսի հարցման արդյունքների համաձայն՝ մասնակցած բոլոր 22 Ուսուցիչ-առաջնորդները նշել են, որ՝

  • մարտահրավեր առաջանալիս իրենք իրենց Առաջնորդության զարգացման ղեկավարի հետ միասին լուծում են փնտրում,
  • բավականաչափ վստահում են իրենց Առաջնորդության զարգացման ղեկավարին՝ իրենց հույզերն ու անհանգստությունները նրա հետ կիսելու համար,
  • բարձր են գնահատում իրենց Առաջնորդության զարգացման ղեկավարի հետ զրույցների արդյունավետությունը։

_\*Հարցման այս արդյունքներն արտացոլում են մեկ Առաջնորդության զարգացման ղեկավարի խմբի պատկերը, թեև պատասխանները մեծապես համընկնում են նաև մյուս խմբերի պատասխանների հետ։

Ուսուցիչ-առաջնորդների հետ քոուչինգային մոտեցումների կիրառումը նաև խրախուսում է նրանց նման գործելակերպեր կիրառել իրենց դասարաններում՝ աշակերտների հետ աշխատելիս։ Քոուչինգն օգնում է Ուսուցիչ-առաջնորդներին սահմանել հստակ ակնկալիքներ, ձևավորել համագործակցային ուսումնական միջավայր և ավելի մեծ ուշադրություն հատկացնել ինքնաճանաչմանն ու բարեկեցությանը։ Նրանք կիրառում են դասավանդման բազմազան ռազմավարություններ և ստեղծում աշակերտների առաջնորդական զարգացմանն աջակցող միջավայրեր։

Դասալսումների վրա հիմնված քոուչինգային զրույցներն ուղղորդում են Ուսուցիչ-առաջնորդներին սահմանելու աշակերտակենտրոն նպատակներ, վերլուծելու իրենց աշխատանքն ու շարունակաբար բարելավելու ուսումնառությունը: միջավայրը.

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ում Ուսուցիչ-առաջնորդների հետ աշխատող Առաջնորդության զարգացման ղեկավարները պարբերաբար անցնում են մասնագիտական վերապատրաստումներ՝ օգտագործելով Bright Morning Consulting-ի՝ կրթության ոլորտում քոուչինգով մասնագիտացած ընկերության նյութերը, ինչպես նաև մասնակցում են Teach For All-ի դասընթացներին և քոուչինգային հանդիպումներին.

Աջակցության արդյունավետությունը տվյալներով. ի՞նչ են ասում Ուսուցիչ-առաջնորդները

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ում առաջնահերթություն է տրվում տվյալահեն աշխատանքի մշակույթին։ Կազմակերպությունը հավատում է, որ ուսուցիչներին տրամադրվող աջակցությունը պետք է հիմնված լինի ոչ միայն փորձի և համագործակցության, այլև տվյալների ու փաստերի մանրակրկիտ վերլուծության վրա։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին կազմակերպությունն անանուն հարցում է անցկացնում երկամյա ծրագրի մասնակից Ուսուցիչ-առաջնորդների շրջանում։ Հարցման նպատակն է հավաքել նրանց կարծիքները Առաջնորդության երկամյա ծրագրի մասին, հասկանալ տրամադրված մասնագիտական աջակցության արդյունավետությունը և բացահայտել շարունակական բարելավման ուղղությունները։ Հարցման արդյունքները կազմակերպությանը թույլ են տալիս գնահատել իր ազդեցությունը ոչ թե ենթադրությունների, այլ իրական տվյալների հիման վրա։

94%

2023

Օգտակար և կիրառելի հետադարձ կապ՝ Առաջնորդության զարգացման ղեկավարներից

97%

2024

Օգտակար և կիրառելի հետադարձ կապ՝ Առաջնորդության զարգացման ղեկավարներից

96%

2025

Օգտակար և կիրառելի հետադարձ կապ՝ Առաջնորդության զարգացման ղեկավարներից

Հարցումը նաև ուսումնասիրում է աշխատանքային հարաբերությունների որակը։ Երեք տարի անընդմեջ Ուսուցիչ-առաջնորդների 98%-ը նշել է, որ իր ղեկավարի հետ ունի վստահելի և համագործակցային հարաբերություններ, և որ ստացած աջակցությունն ուղղված է իր երկարաժամկետ աճին ու առաջնորդական զարգացմանը։ Այս կայուն բարձր արդյունքները ցույց են տալիս, որ ծրագիրը ձևավորել է վստահության և համագործակցության մշակույթ, որտեղ հետադարձ կապը դիտարկվում է որպես աճի հնարավորություն։

“««Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն հնարավորություն է տալիս անձնական աճի, ինքնավստահության բարձրացման, ինքնաճանաչման, հարաբերությունների կառուցման և թվային ու տարբեր այլ հմտությունների զարգացման համար»։

Ուսուցիչ-առաջնորդ

98%

2024

Աջակցությունը բարելավել է դասավանդման հմտությունները

93%

2025

Աջակցությունը բարելավել է դասավանդման հմտությունները

“«Առաջնորդության զարգացման մենեջերը կառուցել է դրական աշխատանքային հարաբերություններ՝ նպաստելով մեր թե՛ դասավանդման, թե՛ առաջնորդական կարողունակությունների զարգացմանը»։

Ուսուցիչ-առաջնորդ

Նույնքան կարևոր է առաջնորդական հմտությունների զարգացման աջակցությունը։ 2024 թվականին Ուսուցիչ-առաջնորդների 98%-ը համաձայնել է, որ ստացած աջակցությունն օգնել է իրեն աճելու որպես առաջնորդ, իսկ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 97%։ Սա ցույց է տալիս, որ աջակցությունը չի սահմանափակվում առարկայական գիտելիքով կամ դասավանդման մեթոդներով. այն նաև ուղղված է ուսուցիչներին որպես համայնքային և կրթական առաջնորդներ զարգացնելուն։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Առաջնորդության զարգացման ղեկավարները շարունակում են քոուչինգային մոտեցումներ կիրառել Ուսուցիչ-առաջնորդների հետ զրույցներում՝ հստակ տարբերակելով քոուչինգային զրույցներն ու ընթացիկ աշխատանքը քննարկելու կանոնավոր հանդիպումները։

ԷՍՄԱՐԻԴԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Տվյալների և ազդեցության ավագ ռազմավար · Դասավանդի՛ր հանուն Հայաստանի

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Առաջնորդության զարգացման մենեջեր · Դասավանդի՛ր հանուն Հայաստանի

Նրանց ուղին ոգեշնչե՞ց ձեզ

Միացե՛ք «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ին որպես Ուսուցիչ-առաջնորդ և վերափոխե՛ք կրթությունը Հայաստանի համայնքներում։

Դիմել հիմաԾանոթացե՛ք մեր ծրագրին