Հետ դեպի նորությունները

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը երկկողմ ուղղությամբ արգելափակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 120.000 մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Արցախ Հանրապետություն չեն մատակարարվում սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր։

Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի միջազգայնորեն երաշխավորված հիմնարար իրավունքները։ Լրջորեն վտանգված են մարդկանց կյանքը և անվտանգությունը, նրանք զրկված են  ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու և այլ իրավունքներից, չի իրականացվում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների տեղաշարժ, արգելափակված է կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Այս իրավիճակի տևական շարունակականությունը արդեն իսկ անխուսափելիորեն հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, որի հետևանքը մարդկային նոր կորուստներն են, նոր պատերազմն ու տարածաշրջանում լարվածության աճը։

30,000

Ընդ որում, Արցախն ամբողջական շրջափակման մեջ է. չկա որևէ տեսակի հաղորդակցություն՝ ցամաքային կամ օդային:

Շրջափակման ամեն հաջորդ օրն էլ ավելի է բարդացնում իրավիճակն արցախահայության համար և ևս մեկ քայլով խորացնում մարդասիրական աղետը։ Միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները պետք է գործեն առավել ակտիվ՝ իրենց միջազգային պատասխանատվությանը համապատասխան, և կանխեն խտրական վերաբերմունքը։ Այլևս ակնհայտ է, որ միայն միանշանակ և հասցեական քննադատությունը, պատասխանատվության միջոցներն ու գործողությունները կարող են երաշխավորել Արցախում բնակվող 30,000 երեխաների կյանքն ու անվտանգությունը, նրանց կրթության իրավունքը։ Անպատժելիությունը միայն խրախուսում է իրավունքների առավել կոպիտ ոտնահարումներն ու հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ խախտումները։

Այս համատեքստում կրթության և գիտության ոլորտի մի շարք կազմակերպությունների կողմից ձևավորված խումբը, պարբերաբար բախվելով Արցախի հայ աշակերտների կրթության շարունակականության պահպանման և հասանելիության ապահովման  դեմ ադրբեջանական գործողություններին, միջազգային կառույցներից ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից պահանջում է իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հրատապ կերպով վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը, որ գործել է մինչև 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը: Որպես լրացուցիչ միջոց՝ անհրաժեշտ է ապահովել օդային մարդասիրական հաղորդակցություն այն դեպքերի համար, երբ այդ ճանապարհի օգտագործումն անհրաժեշտ է հրատապ մարդասիրական նպատակներով:

Այս պահանջների կյանքի կոչման համար պատրաստ ենք աջակցել և մեր ունեցած փորձով կիսվել կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրի մշակման համար։

Հարգանքով՝

  • «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ
  • «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ 
  • Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
  • «Այբ» կրթական հիմնադրամ
  • Հայ Կրթական Հիմնարկություն
  • Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
  • «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ 
  • «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ
  • ««ռեԱրմենիա» համագործակցության հարթակ»
  • Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ 
  • «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
  • Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)
  • «Ես» կրթական հիմնադրամ
  • «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա ՀԿ 
  • «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնություն
  • Արդյունավետ Կառավարություն Հիմնադրամ