Սամվել Թավադյան
Ուսուցիչ-առաջնորդ · Դասավանդի’ր, Հայաստան
«Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդ Սամվել Թավադյանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի Մեծ Շեն համայնք՝ դասավանդելու։ Դիբախտաբար այդ օրն ադրբեջանցի մի խումբ մարդիկ, ովքեր իրենց անվանում են էկո-ակտիվիստներ, փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի արդյունքում Արցախն այսօր հայտնվել է շրջափակման մեջ։ Սամվելի գյուղը՝ Մեծ Շենը՝ գտնվում է ճանապարհի արգելափակված հատվածի մյուս կողմում, որի արդյունքում Սամվելը ստիպված է եղել ամիսներ շարունակ իր աշակերտների հետ դասերն անցկացնել հեռավար եղանակով։
«Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը Արցախում գործում է 2017 թվականից։ Վեց տարիների ընթացքում հիմնադրամի 70-ից ավելի Ուսուցիչ-առաջնորդներ գործուղվել են Արցախ և աշխատել հազարավոր արցախցի երեխաների հետ։ Դասավանդելուց բացի նրանք իրականացրել են տարատեսակ արտադասարանական խմբակներ և տասնյակ համայնքային զարգացման ծրագրեր։
2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Արցախի համայնքներում պատերազմի հետևանքները դեռևս չհաղթահարած մեր աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները բախվել են նոր խնդրի՝ ամիսներ շարունակվող Արցախի շրջափակմանն ու արտաքին աշխարհից ամբողջապես մեկուսացմանը։
Ի թիվս սոցիալական ու հոգեբանական բազմաթիվ խնդիրների՝ Արցախի շրջափակումն առաջ է բերել նաև կրթական մի շարք խնդիրներ։
“Ստիպված եմ լինում կրճատել նոր նյութի ներկայացման ժամանակահատվածը, խմբային աշխատանքները հաճախ կիսատ են մնում, կամ էլ՝ իրականացվում ոչ լիարժեք
Հեղինար ԳրիգորյանՈւսուցիչ-առաջնորդ
“Երբ շուրջբոլորն անորոշություն է, ֆիզիկական ապահովության խնդիր կա, բարդ է աշակերտներին տրամադրել սովորելուն, բարդ է նրանց համոզել, որ այսօր դաս սովորելը կարևոր է և նշանակություն ունի
Սյուզաննա ՂահրամանյանՈւսուցիչ-առաջնորդ
Դասերից դուրս աշակերտներին ոգևորելոււ, և նրանց համար օգտակար ժամանաց ապահովելու նպատակով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդները կազմակերպում են բազմաբնույթ արտադասարանական նախագծեր՝ արշավներ, կինոդիտումներ, ինտելեկտուալ խաղեր և այլն։
Արտադասարանական խմբակները կարևոր նախագծեր են համարվում նաև՝ Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրի մաս հանդիսացող համայնքային ծրագրերը, որոնք իրականացվում են աշակերտների և Ուսուցիչ-առաջնորդների համատեղ ուժերով ։ Ինչպես նշում են մեր Ուսուցիչ-առաջնորդներից շատերը՝ համայնքային ծրագրերը ապագային ուղղված քայլեր են։
«Համայնքային ծրագրեր իրականացնելիս աշակերտները հավատում են, որ շարունակելու են ապրել իրենց հարազատ գյուղում և հնարավորություն են ունենալու գյուղն ավելի լավը դարձնել»։ Ցավոք սրտի համայնքային ծրագրերի իրականացման ընթացքը ևս խափանվում է՝ շրջափակման ու գազի բացակայության հետևանքով։ Նախագծերն իրագործելու համար անհրաժեշտ նյութերի մեծամասնությունը հնարավոր չէ ձեռք բերել կամ կազմակերպել դրանց տեղափոխումը, քանի որ ստեղծված իրավիճակը արգելափակել է ցանկացած բնույթի գործառույթների անխափան աշխատանքը։
Տի՝ Սամվել Թավադյանի աշակերտները, ում մասին խոսեցինք նյութի սկզբում, իրենց համայնքային ծրագրի շրջանակներում վերապատկերում են համաշխարհային նշանակություն և ճանաչում վայելող նկարիչների աշխատանքներ՝ միևնույն ժամանակ ուսումնասիրելով տվյալ արտիստների կյանքն ու ստեղծագործական ուղին։
«Մեր փոքրիկ գյուղում, որը բոլոր կողմերից շրջապակված է, նախագիծն աշակերտների համար շատ կարևոր նշանակություն ունի։ Նրանք ծանոթանում են նկարչության աշխարհին, սովորում են տեսնել գեղեցիկը։ Նախագիծը նաև հանդիսանում է արթ-թերապիա աշակերտների համար, որի կարիքը նրանք հիմա շատ ունեն։ Եվ աշակերտները հավատում են, որ Արցախ տանող ճանապարհը անպայման բացվելու է, և իրենց նկարների ցուցահանդեսին շատ հյուրեր են ժամանելու տարբեր քաղաքներից»- մեզ հետ զրույցում ասաց Ուսուցիչ-առաջնորդ Սամվել Թավադյանը:
Չնայած շրջափակման արդյունքում առաջացած բոլոր մարտահրավերներին՝ մեր Ուսուցիչ-առաջնորդներն անում են հնարավոր ամեն բան երեխաների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը չկորցնելու համար։ Նրանց ջանքերը և նվիրվածությունը ոչ միայն օգնում են աշակերտներին շարունակել ուսումնառությունը, այլև նրանց մեջ են սերմանում ապագայի հանդեպ հույսը և լավատեսությունը: Մեր Ուսուցիչ-առաջնորդներն ընդունեցին այս ծանր մարտահրավերը, դարձրին այն առօրյայի մասնիկ և հերթական անգամ ապացուցեցին, որ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում կրթության ուժն ու հոգատար ուսուցչի ազդեցությունը երբեք չի կարելի թերագնահատել: